«  Սեպտեմբեր 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика


Թելման Պետրոսյան. Ինչո՞ւ 1988-ը եղավ հեղափոխություն, իսկ 2018-ը՝ պարզապես իշխանափոխություն

Թելման Պետրոսյան. Ինչո՞ւ 1988-ը եղավ հեղափոխություն, իսկ 2018-ը՝ պարզապես իշխանափոխություն

Ինչո՞ւ 1988-ը եղավ հեղափոխություն, իսկ 2018-ը՝ պարզապես իշխանափոխություն

Որովհետև իսկական հեղափոխությունը սկսվում է ոչ թե հրապարակից, այլ՝ մարդու մտածողությունից։ Երբ փոխվում է ոչ միայն կառավարությունը, այլ՝ ինքնությունը։

1988-ին ժողովուրդը ոտքի կանգնեց, որովհետև ուներ գաղափար՝ ազատագրման գաղափար։ Նա գիտեր՝ ինչի համար է պայքարում։ Պայքարում էր հայրենիքի, պատմական արդարության, ինքնիշխանության համար։
Դա պայքար էր՝ ոչ թե միայն ինչ-որ իշխանության դեմ, այլ՝ հանուն պետականության։
Եվ այդ պայքարի պտուղը եղավ աննախադեպ․ ձևավորվեց Հայաստանի անկախ պետականությունը։ Այն, ինչ սերունդների երազանք էր, դարձավ իրականություն։ Հայ ժողովուրդը ստացավ իր անկախությունը, սահմանադրությունը, բանակը և ամենակարևորը՝ իր ազգային արժանապատվությունը։Դա հեղափոխություն էր՝ խորքային, համակարգային ու ճակատագրական։

Այս ամենի ամենաբարձր խորհրդանիշը դարձավ մեր անկախության առաջին նախագահը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը եղավ 3-րդ Հանրապետության հիմնադիրն ու ճարտարապետը։ Նա ծանր ու մութ տարիներին կարողացավ կերտել պետություն, որի հիմքերն այսօր էլ գոյության աղբյուր են։ Նա այն մարդն էր, ով ժողովրդի քաոսային էներգիան վերածեց պետականության, ով պատերազմում հաղթանակ բերեց, երբ թվում էր՝ անհնար է։ Նա կարողացավ ցույց տալ, որ հայ ժողովուրդը ոչ թե խավարի, այլ լուսավորության համար է ծնված։

1988-ին մենք ստեղծեցինք Պետություն։ Մենք կերտեցինք Հայկական երազանքը։

Իսկ ի՞նչ եղավ 2018-ին։
Նոր խոստումներ եղան, բայց առանց նոր հայեցակարգի։
Մերժում եղավ, բայց առանց կառուցման։
Հասարակությունը դուրս եկավ հրապարակ, բայց առանց գաղափարի։
Նախկին համակարգը պարզապես ձևափոխվեց ու վերադարձավ նոր անուններով, նոր դեմքերով։
Մտածողությունը մնաց նույնը՝ ամբոխային, կարճատես, առանց կայուն ուղղության։
Հեղափոխությունը պետք է կերտի արժեք։ Իսկ արժեք չստեղծվեց։

Եվ դրա հետևանքով այսօր ունենք՝

• մեկ պարտված պատերազմ,
• կորցրած տարածքներ,
• ցավալի մարդկային կորուստներ,
• պառակտված հասարակություն,
• թուլացած պետականություն,
• անորոշություն՝ ազգային ինքնության շուրջ։

Եթե 1988-ին մենք հպարտությամբ կանգնեցինք որպես ժողովուրդ ու կերտեցինք պետություն, ապա 2018-ից հետո մենք սկսեցինք նահանջել։ Պետությունը մտավ մոլորվածության շրջան։

Այսօր ամենախորքային մտահոգությունն այն է, որ ընթացքը դեռ շարունակվում է։
Անորոշ ապագան, խեղված ինքնությունն ու մարող պետական կառույցները ահազանգ են՝ ոչ թե պայքարի, այլ՝ պատասխանատվության անհրաժեշտության մասին։
Երբ հիմքերը թուլանում են, երբ ուղենիշը մարում է, ամեն ինչ դառնում է խոցելի։
Եվ այդ խոցելիության զգացումը գնալով խորանում է։

Մեծ ցավով պետք է ասել, որ ժողովուրդը, որն անցել էր մաքառման և սովի դպրոց, այսօր նորից սկսել է մտածել ոչ թե մեծ գաղափարներով, այլ կուշտ փորով։ Այն ժողովուրդը, որ 1988-ին կանգնած էր ազատության ու պետականության երազանքի ետևից, այսօր հաճախ բավարարվում է կարճատև հարմարավետությամբ ու դատարկ խոստումներով։ Եվ ահա հենց սա է ամենամեծ վտանգը․ երբ ժողովուրդը այլևս չի երազում, չի կերտում, այլ պարզապես սպառում է։

Եթե մենք մոռանանք 1988-ի ճշմարիտ դասը, եթե չվերադառնանք Լևոն Տեր-Պետրոսյանի կերտած պետական հիմքերին ու գաղափարներին, ապա կկորցնենք ոչ միայն անցյալը, այլև ապագան։

Թելման Պետրոսյան