Թելման Պետրոսյան. Ընդդիմադիր դաշտի չկայացած կոնսոլիդացիան ընտրությունների կարևոր դասերից մեկն է. «Առավոտ»
«Ես շարունակում եմ համոզված մնալ, որ «Ո՛Չ»-ի ճակատը պետք է ձևավորվի ոչ թե որևէ անձի, այլ գաղափարի շուրջ։ Ո՛Չ մեր պետականության հիմքերի թուլացմանը, Ո՛Չ ազգային հիշողության արժեզրկմանը, Ո՛Չ այն գործընթացներին, որոնք կարող են վտանգել Հայաստանի Հանրապետության ինքնությունը, «Առավոտի» զրուցակիցն է ՀԱԿ վարչության անդամ Թելման Պետրոսյանը:
«...Եթե խոսենք, թե ինչու չկայացավ ՀԱԿ–«Ուժեղ Հայաստան» համագործակցությունը, ապա ուզում եմ ընդգծել մի կարևոր հանգամանք։
Հայ ազգային կոնգրեսը բանակցություններին մասնակցում էր առանց որևէ կուսակցական նախապայմանի, առանց պաշտոնների, տեղերի կամ այլ քաղաքական պահանջների ակնկալիքի։ ՀԱԿ-ի համար առաջնայինը իշխանափոխության օրակարգի շուրջ հնարավորինս լայն համախմբումն էր, ոչ թե նեղ կուսակցական շահը։ Մենք չէինք փորձում ինչ-որ բան կորզել կամ պարտադրել, որովհետև հասկանում էինք, որ ստեղծված իրավիճակում գլխավոր խնդիրը ոչ թե առանձին կուսակցությունների հաջողությունն է, այլ միասնական ճակատի ձևավորումը։
Իմ գնահատմամբ՝ համագործակցությունը չկայացավ, որովհետև որոշ քաղաքական դերակատարներ ավելի շատ հավատացին իրենց հաղթանակի անխուսափելիությանը, քան համախմբման անհրաժեշտությանը։ Իսկ քաղաքականությունը շատ հաճախ պատժում է հենց այդպիսի սխալ հաշվարկները։ Ես այդ մասին գրել եմ նաև իմ բաց նամակում։ Եթե քո դեմ աշխատում են վարչական ռեսուրսները, քարոզչական մեքենան և քաղաքական ճնշումները, ապա ուժերը միավորելը դառնում է ոչ թե ցանկալի, այլ պարտադիր պայման։ Ցավոք, այդ գիտակցումը ժամանակին չձևավորվեց, և արդյունքում ընդդիմադիր դաշտը ընտրություններին մասնակցեց մասնատված:
Այսօր մենք արդեն գործ ունենք հետընտրական իրողության հետ, և բնական է, որ շատերը փորձում են խոսել նոր համագործակցությունների մասին։ Այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ ընդդիմադիր դաշտի չկայացած կոնսոլիդացիան ընտրությունների կարևոր դասերից մեկն է։ Եվ եթե կա եզրակացություն, որ պետք է անեն բոլոր քաղաքական ուժերը, ապա այն է, որ պետական նշանակության հարցերում կուսակցական հաշվարկները պետք է զիջեն համազգային շահին։
Հենց այդ պատճառով էլ ես այսօր կոչ եմ անում բոլոր ուժերին միավորվել «Ո՛Չ»-ի պայքարի շուրջ։ Եթե երեկ չկարողացանք համախմբվել ընտրությունների համար, ապա առնվազն պետք է կարողանանք համախմբվել Հայաստանի պետականության, Անկախության հռչակագրի և մեր սահմանադրական հիմքերի պաշտպանության համար։
...Ես ՀԱԿ-ում եմ ոչ թե թվերի, այլ գաղափարների պատճառով։ Եթե վաղը այդ գաղափարներին հավատարիմ մնա 100 մարդ, ես նույն համոզմամբ կլինեմ նրանց կողքին»:
Ամբողջական հոդվածը՝ «Առավոտ» –ում:


