Տիգրան Աբրահամյան. Ադրբեջանցու սահմանային հատումը բավական է եզրակացություն կազմելու ՀՀ ներքին և արտաքին անվտանգության վիճակի մասին
Նույնիսկ մեկ ադրբեջանցու սահմանային հատումն ու հայկական բնակավայրերում հայտնվելը, առավել ևս՝ քաղաքացիական անձանց վնասելը, բավական է եզրակացություն կազմելու ՀՀ ներքին և արտաքին անվտանգության, դրա ինստիտուտների իրական վիճակի մասին:
Ամենօրյա ռեժիմով էժան քարոզչության վերածված «բունկերները», «ամրոցները», էշելոնացված տեսադիտարկման համակարգերը, սահմանագծին տարբեր գովազդված ծրագրերով ներգրավված անձնակազմը չեն կարողացել ֆիքսել ադրբեջանցու սահմանին հայտնվելը, այն հատելը և թիկունքում «վոյաժների» կազմակերպումը:
Իսկ Բաքվից փոխանցված տեղեկատվության պայմաններում ադրբեջանցի զինծառայողի ֆիքսումը տեղի է ունեցել ոչ թե հատուկ օպերացիայի կամ գործողությունների կազմակերպման, այլ քաղաքացիական անձի ու նրա անչափահաս երեխաների հետ միջադեպի հետևանքով:
Սա է միլիարդավոր գումարների մսխման և ուժային համակարգը ներքաղաքական հարցերում կենտրոնացնելու դառը հետևանքները:
Հիշեցնենք.
Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի ԱԱԾ-ին տեղեկացրել էր, որ Մուսաևը լքել է զորամասը և հնարավոր է՝ հատել Հայաստանի սահմանը։ Հայաստանի իշխանությունները հայտարարել էին որոնողական աշխատանքների մասին։
Երկու օր անց Մուսաևը մտել է Շաքիի բնակիչներից մեկի տուն և հայտնաբերվելուց հետո կրակել տանտիրուհու վրա՝ երեխաների աչքի առաջ վիրավորելով նրան ոտքից։
Կինը նախ տեղափոխվել է Սիսիան, ապա Երևան։ Վնասվածքներ են ստացել նաև կնոջ 15-ամյա և 12-ամյա երեխաները.
Ըստ գլխավոր դատախազության՝ «մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել վիրավորում ստացած ՀՀ քաղաքացու՝ 2011 և 2014 թվականին ծնված երեխաները: 2014 թվականին ծնված երեխայի մոտ առկա է եղել փափուկ հյուսվածքների սալջարդ, իսկ 2011 թվականին ծնված երեխայի մոտ առկա է եղել աջ դաստակի կոտրվածք»:
Նշենք, որ Շաքի գյուղում տեղի ունեցած միջադեպի ժամանակ տանտիրուհին ինքնապաշտպանվել է՝ դանակով հարվածելով և վնասելով իրենց տուն ներթափանցած ադրբեջանցի զինծառայողին:
Մուսաևը նույն օրը ձերբակալվել է Շաքիի մեկ այլ հասցեում։
ՀՀ գլխավոր դատախազության հրապարակած տվյալներով՝ նրան մեղադրանք է առաջադրվել զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, հրազեն ապօրինի կրելու և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու համար։
Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում արձանագրված դեպքով ևս մեկ քրեական վարույթ է նախաձեռնվել, հայտնում է news.am–ը։
Հաղորդագրության մեջ ասվում է. «Դատախազությունը նախօրեին տեղեկացրել էր, որ 2026 թվականի հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում արձանագրված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելը), 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի ապօրինի շրջանառությունը) և 207-րդ հոդվածի 1-ին մասով (բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը): Նույն դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 1-ին մասով (պետական սահմանն ապօրինի հատելը) և 340-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի մաքսանենգություն): Նախաձեռնված այս վարույթը միացվել է մայր վարույթին»։
Նշենք՝ Շաքիում տեղի ունեցածից մեկ շաբաթ առաջ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղությունը» «հաստատված է»։
Փաշինյանի կառավարությունը մինչ այժմ չի պարզաբանել՝ որտեղից է Մուսաևը հատել սահմանը, ինչպես է որոնումների ընթացքում հասել Շաքի և արդյոք բնակիչներին զգուշացրել էին, որ զինված ադրբեջանցի զինծառայողը կարող է գտնվել Հայաստանի տարածքում։
Միևնույն ժամանակ Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել 20 հայերի, այդ թվում՝ քաղաքացիական անձանց և Արցախի նախկին քաղաքական ու ռազմական ղեկավարների։
Լրացված. Նոր մանրամասներ` Շաքիի դեպքից. Ադրբեջանցին պատանդ է վերցրել երեխաներին, մայրը նրանց պաշտպանելիս կորցրել է ձեռքի մատները


