Վեհափառ Հայրապետ. Սիրելի ժողովուրդ, դուք եք մեր եկեղեցու ուժն ու զորությունը. ուրեմն հաստատուն մնացեք (տեսանյութ)
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը «Զվարթնոց» օդանավակայանում իրեն դիմավորելու եկած քաղաքացիների ու հոգևորականների հետ տերունական աղոթք հնչեցրեց անազատության մեջ գտնվող բոլոր հոգևորականների և ազգային բարերար Սամվել Կարապետյանի համար։
Մարսելում գտնվելու ընթացքում տեղեկացանք ցավալի լուրին, որ Արշակ Սրբազանը ձերբակալվել է անհիմն և շինծու մեղադրանքով, հայտարարել է Վեհափառ Հայրապետ Գարեգին Երկրորդը՝ անդրադառնալով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ Սրբազանի նկատմամբ իշխանության կողմից իրականացվող հակաեկեղեցական «գործողություններին»․
«Պատվիրյալ արդարադատությամբ նրա համար սահմանվել է 2 ամիս կալանք: Մեր 4 Սրբազաններն աննկուն են իրենց ոգով, քաջաբար դիմագրավում են իրենց բաժին ընկած բոլոր դժվարություններին։
Արդարությունը հաղթելու է, և իրենք արդարացված դուրս են գալու»,- ասել է Վեհափառը՝ նշելով որ իշխանություններին բազմիցս կոչ ենք արել դադարեցնել հակաեկեղեցական գործողությունները, Եկեղեցու հաստատած կարգը չխախտել։
Վեհափառ Հայրապետը ոգեպնդման կոչ է արել․
«Մենք պիտի շարունակենք մեր կոչմանն ու առաքելությանը հավատարիմ մնալ ու մեր ծառայությունը տանել։
Հավատում ենք, որ ձեզ հետ միասին կարող ենք արդարությունը, սերը բարձրագույն արժեքներ դարձնել։
Սիրելի՛ եկեղեցականներ, իրականացրեք ձեր ազգանվեր ծառայությունը, դուք քաջարի ոգի ունեք։
Սիրելի ժողովուրդ, դուք եք մեր եկեղեցու ուժն ու զորությունը. ուրեմն հաստատուն մնացեք»:
Ամբողջական՝ տեսանյութում.


