«  Սեպտեմբեր 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика


Վեհափառի և եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Վահագն Մելիքյանին

Վեհափառի և եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Վահագն Մելիքյանին

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Երևանի քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանին, տեղեկացնում է pastinfo.am-ը:

Այս պահին դեռևս առկա չէ որոշում՝ գործը վարույթ ընդունելու, ընդդատության հարցի լուծման համար Վճռաբեկ դատարան դիմելու կամ գործը կրկին Արմավիրի դատարան ուղարկելու վերաբերյալ։

Հիշեցնենքենք՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում արդեն երկրորդ դատավորն է հրաժարվել քննել Վեհափառ Հայրապետի և ԳՀԽ անդամների վերաբերյալ քրեական գործը։ Նախ՝ դատավոր Մանուկյանը ինքնաբացարկ հայտնեց՝ պատճառաբանելով, թե իրեն փաստաբանական արտոնագիր է տվել այդ գործով փաստաբան Արա Զոհրաբյանը, ինչից հետո գործը վերաբաշխվել էր։

Օգոստոսի 28-ին դատավոր Սերժ Ռուշանյանը գործն ուղարկեց Երևանի քրեական դատարան, թեև կողմերը պնդում էին, որ գործն ընդդատյա է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանին։ Ռուշանյանն այդ որոշումը պատճառաբանեց այն հանգամանքով, որ Վեհափառ Հայրապետի մեղադրանքում նշված չէ, թե կոնկրետ որտեղ է ընդունվել հայրապետական տնօրինությունը՝ Արման Սարոյանին կարգալույծ հռչակելու վերաբերյալ, թեև ԳՀԽ անդամների մեղադրանքում նշված է, որ խոսքն Էջմիածնի մասին է։

Հիշեցնենք, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ իբրև Արման Սարոյանի գործով դատական ակտը չկատարելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում։ Մասնավորապես, Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, այլևս կարգալույծ Արման Սարոյան, հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ Հայ առաքելական սուրբ եկեղեցու՝ պահանջելով անվավեր ճանաչել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից իրեն ազատելու մասին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը և որպես հետևանք վերականգնել Մասյացոտնի թեմի առաջնորդի իր պաշտոնը:

Հայցադիմումը վարույթ է ընդունվել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանի կողմից։ Վերջինս նաև բավարարել է հայցի ապահովում կիրառելու մասին միջնորդությունը՝ ժամանակավորապես վերականգնելով եպիսկոպոսին՝ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։

Այս որոշումից հետո իրավապահները քրեական վարույթ են նախաձեռնել՝ իբրև դատական ակտը չկատարելու համար, ինչի հետևանքով Գերագույն հոգևոր խորհդի անդամների նկատմամբ քրեական հետապնդումներ են հարուցվել, արգելվել նրանց ելքը՝ ՀՀ-ից։

Փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ քրեական հետապնդում է հարուցվել նաև Վեհափառ Հայրապետի նկատմամբ, նրա նկատմամբ ևս խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։ Ընդ որում, իրավապահներն այս խափանման միջոցները կիրառել են՝ Ավստրիայում եպիսկոպոսաց ժողովին ընդառաջ՝ փորձելով տապալել այն։ Այդուհանդերձ, եպիսկոպոսաց հավաքը տեղի ունեցավ։


Երեկ դատարանը բավարարել է Միքայել Սրբազանի հայցն ընդդեմ կարգալույծ Ստեփան Ասատրյանի։ Վերջինս պետք է հերքի Սրբազանի մասին զրպարտիչ տեղեկություններն ու վճարի 1 միլիոն դրամ: