1994 թվականի մայիսի 12-ին կնքվեց հաղթական զինադադարը (տեսանյութ, լուսանկարներ)

Կարևոր 12.05.2021   20:00   202

1994 թ. մայիսի 11-ի լույս 12-ի գիշերը, կամ ավելի ճիշտ՝ 00:01-ից, ուժի մեջ է մտել ԼՂ հակամարտության գոտում կրակի և ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը:

1994 թ. մայիսի 12-ի Համաձայնագիրն առանցքային նշանակություն ունի, քանի որ այն վերջ էր դրել ադրբեջանական իշխանությունների կողմից Արցախի ժողովրդավարական պետականության դեմ սանձազերծված պատերազմին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տեղափոխել էր քաղաքական-դիվանագիտական հուն և պայմաններ ստեղծել, որպեսզի կողմերը միջազգային միջնորդների օժանդակությամբ կարողանան իրենց ջանքերն անմիջականորեն կենտրոնացնել բանակցությունների միջոցով հակամարտության վերջնական լուծման ուղիներ փնտրելու վրա:

1994 թ. հուլիսի 26-27-ը, կնքելով լրացուցիչ համաձայնագիր, բոլոր երեք կողմերը հաստատել են հրադադարի ռեժիմի անժամկետ բնույթը՝  մինչև հակամարտության վերջնական կարգավորման հասնելը: Կողմերն այդ դիրքորոշումը վերահաստատել են նույն թվականի օգոստոսի 28-29-ին և նոյեմբերի 12-ին` հանդես գալով հատուկ հայտարարություններով:

1995 թ. փետրվարի 6-ին ուժի մեջ են մտել Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի  համանախագահության հովանու ներքո ձեռք բերված հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ պայմանավորվածությունները: Համաձայնագիրը ներառում էր ճգնաժամային իրավիճակների կայունացման համար ռազմական առումով նշանակալի միջոցների մի ամբողջ համալիր` ուղղված հրադադարի ռեժիմի ամրապնդմանը:

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ներկայցրել է՝ ինչպես է կազմակերպվել 1994թ-ի հաղթական զինադադարը.

«Շատերը, սակայն, դեռ խորապես չեն ընկալում կատարվածի էությունը, չեն հասկանում, որ հրաշքի նման այս հաղթանակը ձեռք է բերվել ոչ միայն մեր ժողովրդի եւ նրա մարտիկների ոգու, հերոսականության եւ քաջարիության եւ ամբողջ պատմությամբ ապացուցված կռվելու հմտությունների շնորհիվ։ Ինչպես միշտ մարդկության պատմության մեջ, վճռորոշ դերը խաղացել են ճիշտ վարած քաղաքականությունը, ճակատագրական պահերին ընդունված ճիշտ քաղաքական որոշումները եւ իրականացված գործողությունները, բարդ ընտրանքների առաջ կողմնորոշվելու եւ ռազմավարական միակ ճիշտ կուրս ընտրելու ունակությունը։  

Այս խոսակցությունը հատկապես կարեւոր եմ համարում, քանի որ անդրդվելի համոզմունք ունեմ, որ ապագա ունեն միայն այն ազգերը, որոնք զարգացնում են խորաթափանց քաղաքական մտածելակերպը եւ ռազմավարական մտածողության կարողությունը։ Հենց այդ հարթության մեջ ներկայացնում եմ հաղթանակաի քաղաքական բաղադրիչները...»:

Ցավոք, հետագա տարիներին չհաջողվեց պահպանել, զարգացնել ձեռք բերված հաջողությունը: 

2016-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ձեռնարկեց հարձակողական գործողությունը: Ապրիլի 2-5-ը թեժ մարտեր ընթացան շփման գծի ողջ երկայնքով, իսկ ապրիլի 5-ին կրակը դադարեցնելու բանավոր համաձայնություն ձեռք բերվեց: Հայկական կողմն ավելի քան հարյուր զոհ ունեցավ։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին` առավոտյան 7:10-ին սկսվեց Արցախյան երկրորդ պատերազմը:

Պատերազմի 44-րդ օրը «հաղթելու ենք» հեշթեգով ապրող հանրությունը տեղեկացավ անասելի ցավոտ իրականության մասին:

Հայաստանի վարչապետ Փաշինյանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված՝ ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ համաձայնության արդյունքում, ունեցանք մոտ 3 տասնամյակ հայկական ուժերի վերահսկողության տակ եղած 7 շրջանների հանձնում, ԼՂԻՄ-ի մաս կազմող Հադրութի ու Շուշիի կորուստ, ռուս խաղաղապահների տեղակայում, Հայաստանի տարածքով ցամաքային կապ Ադրբեջանի և դրա կազմի մեջ մտնող Նախիջևանի միջև, հազարավոր զոհեր և վիրավորների, անհետ կորածներ, ադրբեջանական բանտերում խոշտանգման ենթարկող հայեր, բազմահազար տեղահանվածներ, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի ավելի քան 70 տոկոս և մեծ անորոշություն ու բազմաթիվ հարցեր:

Տեսանյություն՝ ինչպիսի արդյունքներով Հայաստանը դուրս եկավ հաղթական պատերազմից։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Լևոն Տեր-Պետրոսյան, 1994, զինադադար

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon