Արմեն Բաղդասարյան. «Տեր-Պետրոսյանի առաջարկից կարելի է հասկանալ, որ երկիրը շատ վատ վիճակում է»

Քաղաքական 09.05.2021   10:00   511

Հունիսի 20-ին Հայաստանում անցկացվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ի դեպ, Հայաստանի պատմության մեջ 3-րդ արտահերթ ընտրությունն է լինելու (1998թ. արտահերթ նախագահական, 2018թ. և 2021թ. արտահերթ խորհրդարանական):

Ի՞նչ դասավորումներ են հնարավոր քաղաքական դաշտում. այս և մի շարք այլ հարցերի շուրջ ԳԱԼԱ-ն զրուցել է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ:

Քաղաքագետը, անդրադառնալով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջին և երկրորդ նախագահներին արված առաջարկին, հայտարարեց.

«Լևոն Տեր-Պետրոսյանը պետությունը փրկելու իր ծրագիրն է առաջարկել, որը նախկին 2 նախագահների կողմից մերժվել է: Երկիրը այնպիսի վիճակում է, որ պետք է փրկել ցանկացած մեթոդներով ու ցանկացած կերպ. թեկուզ «սատանայի» հետ համագործակցելով: Տեր-Պետրոսյանի առաջարկից կարելի է հասկանալ, որ երկիրը իսկապես շատ վատ վիճակում է, և մենք այսօր պարզապես չունենք իշխանություն: Քանի որ առաջարկը չի ընդունվել, կարելի է այլ ձևեր գտնել»:

Արմեն Բաղդասարյանն, անդրադառնալով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, որ ընտրությունը լինելու է երկբևեռ, այսինքն՝ իր և գործող իշխանության, ընդգծեց.

«Իհարկե երկբևեռ չի լինելու ընտրությունը Քոչարյանի ասածի իմաստով, այլ երկբևեռ է լինելու այն տեսանկյունից, որ կամ մենք ընտրում ենք Նիկոլ Փաշինյանին և չենք ունենում պետություն, կամ չենք ընտրում Նիկոլ Փաշինյանին և ունենում ենք պետություն, բայց այլ հարց է՝ լա՞վ պետություն կունենանք, թե՞ վատ, և դա էլ կախված է նրանից, թե ում կընտրենք Նիկոլ Փաշինյանից բացի:

Եթե հասարակությունը իր մեջ հանգի այն եզրակացության, որ օրվա իշխանություններին չի կարելի ընտրել ոչ մի դեպքում, որովհետև նրանք տապալել են հնարավոր ամեն ինչ, այդ դեպքում արդեն Նիկոլ Փաշինյանը ի սկզբանե մերժվում է, և այդտեղ կա լուրջ ընտրություն»:

Այնուամենայնիվ, հասարակությունը պատրա՞ստ է կատարել ճիշտ կողմնորոշված և գաղափարական ընտրություն:

Հարցադրմանն ի պատասխան՝ քաղաքագետը հայտարարեց.

«Քաղաքացին այսօր կողմնորոշված է, բայց ամբոխը կողմնորոշված չէ: Ցանկացած մարդ, ով փորձում է մտածել, փորձում է հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել, նրանք իհարկե կողմնորոշված են և ոչ մի դեպքում օրվա իշխանությանը ձայն չեն տա։ Իսկ պոպուլիստական կարգախոսներին խաբված ամբոխը կգնա և իր ձայնը կտա օրվա իշխանությանը կամ ձայն կտա նրան, ով իրեն փող կտա կամ, չգիտեմ, ինչ-որ բան կխոստանա:

Մենք պետք է հստակ տարանջատենք՝ քաղաքացի և ամբոխ հասկացությունները: Իշխանությունների հույսը այն է, որ ամբոխը ոչինչ չի հասկանա և նորից ձայնը կտա իրենց:

Բայց ինձ ավելի շատ հետաքրքրում է ընտրությունների որակը, այսինքն՝ բովանդակային առումով կլինե՞ն գաղափարական ընտրություններ, թե՞ հերթական անգամ կգնան և ձայնը կտան այն քաղաքական ուժին, որի լիդերն ավելի լավ սուտ կխոսի:

Եթե մեր հասարակությունը կարողանա ընտրություն կատարել ծրագրերի և գաղափարների միջև և ոչ թե անձանց միջև, այդ առումով կարող ենք խոսել ընտրությունների որակից:

Եթե ոչ, մենք հերթական կործանարար շրջափուլի մեջ ենք ընկնելու, որովհետև եթե նայեն, թե ով է ավելի լավ խաբում, ապա Նիկոլ Փաշինյանը իր մրցակիցների մեջ ամենալավն է խաբում: Հասարակությունը պիտի կարողանա կեղծիքը զանազանել իրականությունից և կենացները ծրագրերից»,- նշեց Բաղդասարյանը:

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը վտանգավոր է համարում Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրումը, ասում է, որ այդ դեպքում չեն բացառվի խռովություններն ու բախումները:

«Անկախ ընտրությունների արդյունքներից՝ ես 100%-ով վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը իշխանությունը 1 մմ անգամ չի զիջելու, անգամ նա կանգ չի առնի հազարավոր զոհերի առաջ: Ներքին լարվածության և բախումների վտանգը մեծ է»,-եզրափակեց քաղաքագետը:

Անահիտ Չալիկյան

Gala.am

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արմեն Բաղդասարյան, արտահերթ ընտրություններ, Լևոն Տեր- Պետրոսյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon