300 հազար դրամը գերազանցող գործարքները կիրականացվեն անկանխիկ եղանակով
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ընդլայնել անկանխիկ գործառնությունների դաշտը: «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 66 «կողմ», 28 «դեմ», 5 «ձեռնպահ» ձայներ:
«Որևիցե անձ, եթե ցանկանում է անկանխիկ ձևով վճարում կատարել, պետք է կարողանա իր այդ իրավունքն իրացնել»,-ասել էր ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը՝ նախագիծն ԱԺ-ում ներկայացնելիս:
Նախագծով նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիզիկական անձանց միջև 300 000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող վճարումը և վճարման ստացումը բոլոր գործարքների համար կիրականացվի անկանխիկ ձևով:
2022 թվականի հուլիսի 1-ից գրավատների կողմից 80 հազարի դրամից ավելի վարկերը տրամադրվեն բացառապես անկանխիկ ձևով, տարեցտարի այդ շեմը կնվազի՝ 2024-ի հունվարի 1-ին հասելով 30 հազար դրամի:
Բանկերի, վարկային կազմակերպությունների, ինչպես նաև լիցենզիայի հիման վրա վարկեր և փոխառություններ տրամադրելու իրավունք ունեցող անձանց կողմից տրամադրվող վարկերը և փոխառությունները ևս տրամադրվում են բացառապես անկանխիկ ձեւով:
Փոխանցումները վերահսկելու է ՊԵԿ-ը։ Խախտում արձանագրելու դեպքում ՀՀ քաղաքացիների նկատմամբ հարուցվելու են վարչական վարույթներ։