Ադրբեջանի ուղիղ միջամտության հետևանքով Արցախում կրկին դադարեցվել է գազամատակարարումը
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։
«Մենք ունենք բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ ժամեր առաջ դադարեցրել է գազամատակարարումը», - նշված է հաղորդագրությունում։
Իրավիճակի մասին անմիջապես տեղեկացվել է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը, որի հետ միասին Արցախի իշխանությունները գործադրում են համապատասխան ջանքեր գազամատակարարման վերականգնման նպատակով:
Հիշեցնենք՝ ադրբեջանական կողմը 9 օր խոչընդոտներ էր ստեղծում վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները իրականացնելու համար։ Եվ միայն մարտի 16–ին, ըստ Արցախի տեղեկատվական շտաբի, Հայաստանի կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ՝ ադրբեջանական կողմն սկսել էր գազատարի վերանորոգման աշխատանքները, որոնք ավարտվել էին մարտի 19–ին։