Ադրբեջանը հետ է քաշել զորքերն Իշխանասարի հատվածից. Sputnik Արմենիա
Ադրբեջանի զինված ուժերը հեռացել են Իշխանասարի շրջանից, Sputnik Արմենիային հայտնեց գյուղապետ Մարատ Պետրոսյանը։
«Այնտեղ, որտեղ մարտեր էին ընթանում, նրանք էլ չկան», ասաց Պետրոսյանը։
Թե որքան են ադրբեջանցիները հեռացել՝ Պետրոսյանը չգիտեր։ Նրան հայտնի չէր նաև՝ արդյոք այդ դիրքերում հայ զինծառայողներ են տեղակայվել։
Գյուղապետը, մասնավորապես, հաստատեց, որ ադրբեջանցիները հեռացել են Իշխանասար լեռան մի հատվածից, որտեղով նրանք ճանապարհ էին կառուցել։
Գյուղի բնակիչները Sputnik Արմենիային տեղեկացրեցին, որ ադրբեջանցիների հեռանալու մասին հայտնի է դարձել երեկ։
Հիշեցնենք` ադրբեջանական զորքերն այս տարվա մայիսի 12-ից Սյունիքի մարզի ուղղությամբ խորացել էին 3 կմ և, ըստ էության, զավթել ՀՀ ինքնիշխան տարածքը։ Այլ ուղղություններով հետ քաշվելու վերաբերյալ տեղեկատվություններ այս պահին չկան։ Հայտնի չէ նաև, թե ինչ պայմանավորվածության արդյունքում է ադրբեջանական զորքը հետ քաշվել։
Լրացված.
«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ Պաշտպանության նախարարությունից ոչ հաստատել, ոչ հերքել են լուրը: