«  Սեպտեմբեր 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

Ադրբեջանը հրետակոծում է ՀՀ ինքնիշխան տարածքը. (թարմացվող)

Ադրբեջանը հրետակոծում է ՀՀ ինքնիշխան տարածքը. (թարմացվող)

Սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

 Մասնավորապես՝ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը։ Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումներն ամբողջ ծավալով կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները։
Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ։ Տվյալները ճշտվում են։

Հայաստանի ԱԽ նիստ է կայացել. որոշվել է դիմել Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ՄԱԿ ԱԽ-ին:

Ժամը 05:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է ծայրահեղ ծանր մնալ

Լրացված.

ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությունը.

Սեպտեմբերի 13-ի ժամը 08։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխություններ չի կրել։ Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։

Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը նույնպես շարունակվում են, հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը։

Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը ներկայացվել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանությունների ռազմական կցորդներին և նշվել, որ տեղի ունեցածի և դրա հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։

Պաշտպանության նախարարությունը կշարունակի պարբերաբար հանդես գալ իրադրության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով։

ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությունը

Սեպտեմբերի 13-ի ժամը 18։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է լարված մնալ: Չնայած իրավիճակի կայունացման մասին դեռ վաղ է խոսել, սակայն կեսգիշերից արձանագրված հրետակոծության ինտենսիվությունը զգալիորեն թուլացել է։
Հակառակորդը, հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառմամբ, ողջ օրվա ընթացքում փորձում է դիրքային առաջխաղացում ապահովել, մասնավորապես՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը շարունակում է ողջ ծավալով կատարել իր առջև դրված մարտական խնդիրները: Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են։
Կեսգիշերից սկսած մինչ այժմ ադրբեջանական ստորաբաժանումները շարունակում են թիրախավորել սահմանամերձ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները։ Այս ակնհայտ իրողության ֆոնին առավել քան անհեթեթ են դառնում ադրբեջանական կողմի պնդումները, թե իրենք խաղաղ բնակչությանը չեն թիրախավորում։ Կան բավարար ապացույցներ, որոնք հաստատում են Ադրբեջանի զինված ուժերի հանցավոր գործողությունները խաղաղ բնակչության դեմ»։

Նշենք, որ այսօր ցերեկը ԱԺ-ում Փաշինյանը հայտարարեց, որ հայ - ադրբեջանական սահմանին կեսգիշերից սկիզբ առած բախումներում հայկական կողմն առնվազն 49 զոհ ունի:

Լրացված.

Հայկական կողմի նախաձեռնությամբ ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովի նախագահությամբ կայացել է ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստը։

Նիստին մասնակցել են ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը և ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը։
ՀՀ ներկայացուցիչը ՀԱՊԿ ՄԽ անդամներին է ներկայացրել  ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
«ՀՀ զինված ուժերը բերվել են բարձր մակարդակի ռազմական պատրաստության և անցել իրենց վստահված հատվածների պաշտպանությանը։ Ադրբեջանական զինված ուժերի գործողությունները համարվում են ՀԱՊԿ անդամ պետություն հանդիսացող Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության կոպիտ խախտում, իսկ իրավիճակը կարող է հանգեցնել լայնամասշտաբ զինված հակամարտության»,- նշված է հաղորդագրության մեջ։

Բիյագովը վստահություն է հայտնել, որ ՀԱՊԿ մեխանիզմներն ի վիճակի են զսպել ագրեսորին։

Լրացված.

ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությունը

Սեպտեմբերի 13-ի ժամը 21։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ:

Թե՛ հայկական դիրքերի, բնակավայրերի ու քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծության, և թե՛ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ ընթացող դիրքային մարտերի կրակի ինտենսիվությունը զգալիորեն թուլացել է։
Հայաստանի Հանրապետության զինված ուժերը շարունակում է ամբողջ ծավալով կատարել իր առջև դրված մարտական խնդիրները՝ անհրաժեշտ հակազդեցություն ցուցաբերելով հակառակորդին։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, շարունակելով իր բացահայտ կեղծիքի գործելաոճը, փորձելով հիմնավորել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հանդեպ լայնածավալ ագրեսիան, հայտարարություն է տարածել, թե իբր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը խախտել են այսօր՝ ժամը 09։00-ից սկսած հրադադար հաստատելու մասին պայմանավորվածությունը՝ հրետակոծելով ադրբեջանական դիրքերը։

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության այս հայտարարությունը բացահայտ անհեթեթություն է, քանի որ կեսգիշերից սկսած՝ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները ոչ մի րոպե չեն դադարեցրել հայկական դիրքերի, բնակավայրերի ու քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծությունն ու գնդակոծությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։