Կարեվոր
ԱԳՆ. Հայաստանը պատասխանել է Ադրբեջանի առաջարկներին
Հայաստանի Հանրապետությունը պատասխանել է Ադրբեջանի Հանրապետության կողմից փոխանցված առաջարկներին և ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։
Նշենք՝ երկու օր առաջ Ադրբեջանը հայտարարեց, որ հինգ կետանոց առաջարկ է ներկայացրել հայկական կողմին:
Ադրբեջանի արտաքին գերատեսչության մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևայի խոսքով՝ փաստաթղթի նախագծում հետևյալ դրույթներն են.
- ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, պետական սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում
- պետությունների՝ միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորության փոխադարձ հաստատում
- զերծ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնացող, միմյանց քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքներ և ուժ կիրառելուց, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին անհամատեղելի այլ գործողություններից
- պետական սահմանի սահմանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում
- տրանսպորտի և այլ հաղորդակցությունների բացում, այլ համապատասխան հաղորդակցությունների հաստատում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցություն։