ԱՀ նախագահ. Երեկվանից ռուս խաղաղապահները տեղակայվել են նաև Քարագլխի հատվածում
Երեկվանից ռուս խաղաղապահները տեղակայվել են նաև Քարագլխի հատվածում։ Արցախի կառավարության այսօրվա նիստի ժամանակ տեղեկությունը հայտնել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, տեղեկանում ենք Արցախի հանրային հեռուսատատեսությունից։
«Ռուս խաղաղապահները ոչ միայն Փառուխի, այլ երեկվանից արդեն Քարագլխի հատվածում են։ Այսինքն` այդ լեռնաշղթայի վրա հիմնականում մեր պաշտպանության բանակի ստորաբաժանումները, կամավորականները, խաղաղապահները և որոշ բարձունքներում էլ` ադրբեջանական ստորաբաժանումները»,–ասել է Հարությունյանը։
Նա, անդրադառնալով Փառուխ գյուղի տարածք ադրբեջանական ԶՈւ–ի ներխուժմանը, հայտնել է, որ շփման գծում լարվածությունը թուլացնելու նպատակով մեր դիրքապահներին փոխարինել են ռուս խաղաղապահները։
Հարությունյանի խոսքով` նման նախադեպ է նաև Եղծահողում, Մատաղիսի, Թաղավարդի հւատվածում։ ԱՀ նախագահն ասել է` շփման գծի լարված տարածքներում, որտեղ հետագայում մեր դիրքերը փոխարինվել են խաղաղապահ ուժերով, որոշակի կայունություն և ավելի հանգիստ իրավիճակ է գրանցվել։
«Ըստ 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնագրի՝ դիրքեր չպետք է լինեն ո՛չ մեր, ո՛չ Ադրբեջանի կողմից։ Սակայն քանի որ խաղաղապահների քանակը բավարար չէ, իսկ ադրբեջանական ստորաբաժանումները շարունակում են ոչ միայն տեղակայվել, այլ մշտապես կրակի տակ պահել շփման գիծը և դրա հարևանությամբ գտնվող բնակավայրերը՝ մենք նույնպես շարունակում ենք մարտական հերթապահություն իրականացնել»,–ասել է Հարությունյանը։
Նրա խոսքով` Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգի գնալը չի նշանակում որևէ տարածքից հրաժարվել։