«Ոչ վրաններ կան, ոչ՝ օգնություն». Սիրիայում երկրաշարժից մահացել է շուրջ 8500 մարդ
Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն աճել է` հասնելով շուրջ 8500-ի։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է ԱՀԿ–ի արտակարգ իրավիճակների տարածաշրջանային տնօրեն Ռիչարդ Բրենանը։
«Դժվար է ասել հստակ թիվ, դրանք ամեն օր աճում են։ Այն, ինչ մենք գիտենք այսօր, Սիրիայի կառավարության կողմից վերահսկվող տարածքներում մահացել է մոտ 4.000 և տուժել 2.500 մարդ։ Սիրիայի հյուսիս–արևմուտքում` մոտ 4.5 հազար մարդ է մահացել, ևս 7.500-ը վիրավոր է»,– ասել է նա։
ԱՀԿ-ի ներկայացուցչի խոսքով` պոտենցիալ զոհերի թիվը կարող է հավասարվել երկրաշարժի զոհերի թվին, քանի որ տուժածները ջրի, հոսանքի, վառելիքի լուրջ խնդիրներ ունեն։
Սիրիայի Հարիմ քաղաքում օտարերկրյա փրկարարներ չկան, իսկ բնակիչները, այդ թվում՝ երեխաներ, իրենք են մաքրում փլատակները, գրում է BBC-ն:
Նշենք, որ շվեյցարիայից որոնողափրկարարական թիմերը Սիրիայում ավերիչ երկրաշարժից ավելի քան 100 ժամ անց փլատակներից փրկել են հայ փոքրիկին՝ երեք ամսական Վարդանին, և նրա մորը՝ Յասմինին, Zartonk media-ի փոխանցմամբ՝ հաղորդում է շվեյցարական հեռուստաալիքը: (Տեսանյութ)
Թուրքիայում զոհերի թիվն աճել է, հասնելով 30 հազարի։ Տեղեկությունը հայտնում են թուրքական ԶԼՄ-ները ՝հղում անելով AFAD-ին:
Նշենք՝ Հայաստանը 100 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Թուրքիա, իսկ Սիրիա՝ 30 տոննա: