ԱԺ-ն մերժեց «Անհետ կորածների և գերիների ընտանիքներին աջակցելու նախագիծը» (ուղիղ)
ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը: Օրակարգում ընդգրկված է 46 հարց:
Առաջին ընթերցմամբ կքննարկվեն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերը և մի շարք այլ օրինագծեր ու օրենսդրական փաթեթներ:
Երկրորդ ընթերցմամբ կներկայացվեն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը և մի շարք այլ օրինագծեր ու օրենսդրական փաթեթներ:
Ազգային ժողովի պատգամավորներն այսօր ընթացող նիստի ժամանակ մերժեցին ԱԺ օրակարգում ներառել «Լուսավոր Հայաստանի»` արդեն իսկ երրորդ նախագիծը։ Խոսքը, մասնավորապես, ««Զինվորական ծառայության և զինծառողի կարգավիճակի մասին» և «Պետական նպաստների» մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի մասին է։
Մինչ այդ, պատգամավորների քվեարկության արդյունքում ԱԺ օրակարգ չմտան նաև ԼՀԿ–ի 2 նախագծերը` «ՀՀ-ում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիրը սահմանելու մասին» և «Ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու ելքերը, ինչպես նաև ՀՀ վարչապետի, Ադրբեջանի ու ՌԴ նախագահների՝ նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարության իրավաչափությունը քննարկելու վերաբերյալ»։
ԱԺ պատգամավորների 74 դեմ, 39 կողմ ձայների հարաբերակցությամբ որոշումը չընդունվեց։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին կառավարության նիստի ժամանակ որոշում էր կայացվել մինչև նրանց կարգավիճակի հստակեցումը, 6 ամիս ժամկետով յուրաքանչյուր ամիս 300 000 դրամ աջակցություն տրամադրել անհետ կորածների ընտանիքներին։