Ամբաստանյալ Քոչարյանի գործով մեղադրող դատախազները կբողոքարկեն դատարանի որոշումը
Ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող դատախազները կբողոքարկեն Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ դատարանի որոշումը։
«Մենք սկզբունքորեն գտնում ենք, որ ընտրված խափանման միջոց կալանավորումը ճիշտ էր, հետևաբար, պետք է բողոքարկենք այդ դատական ակտը», – լրագրողների հետ զրույցում ասաց մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը այսօր փոխեց Քոչարյանի խափանման միջոց կալանքը՝ որոշելով ազատ արձակել նրան անձնական երաշխավորության դիմաց:
Ամբաստանյալի համար երաշխավորագիր էին ներկայացրել Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը:
Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Քոչարյանը կալանավորված էր անցած տարվա դեկտեմբերի 7-ից:
Այս գործով անցնում են ևս երեք բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ: