«  Սեպտեմբեր 2021  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Яндекс.Метрика

ԱՄՆ դեսպանատան արձագանքը Բաքվին. Արմենպրես

ԱՄՆ դեսպանատան արձագանքը Բաքվին. Արմենպրես

Ամերիկայի Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակում է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և քաղաքական կարգավորմանը՝ համոզված լինելով, որ միայն հիմնախնդրի համապարփակ լուծումը կարող է կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին ասացին Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունից՝ արձագանքելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության վարչության պետ Լեյլա Աբդուլաևայի հայտարարությանը:

«Որպես Մինսկի խմբի համանախագահ, մենք շարունակում ենք հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու քաղաքական կարգավորմանը։ Այդ նպատակին հասնելու համար կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին հնարավորինս շուտ վերադառնալ բովանդակային քննարկումների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Միայն համապարփակ լուծումը, որն անդրադառնում է բոլոր չլուծված խնդիրներին, կարող է կարգավորել երկու երկրների միջև հարաբերությունները և թույլ տալ տարածաշրջանի բնակիչներին միասին ապրել խաղաղ պայմաններում», - նշել են Միացյալ Նահանգների դեսպանությունից:

Ավելի վաղ, Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Լեյլա Աբդուլաևան, թուրքական «Yeni Şafak»-ի հաղորդմամբ, մեկնաբանել էր Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի՝ սեպտեմբերի 11-ին լրագրողներին տված այն մեկնաբանությունը, որ Միացյալ Նահանգները լուծված չի համարում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը:

«30 տարվա պատերազմի և լարվածության իրավիճակը չի կարող հանգուցալուծվել մեկ գիշերվա ընթացքում: Այդուհանդերձ, մենք հասկանում ենք, որ կան որոշ հիմնախնդիրներ, որոնք պետք է լուծվեն, և դրանցից մեկը, ինչպես նախկինում եմ ասել, այն է, որ մենք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշված չենք համարում և հետևաբար կշարունակենք պահել այդ հարցը Մինսկի խմբի օրակարգում», - լրագրողների հետ զրույցում ասել էր ԱՄՆ դեսպանը:

Մեկնաբանելով այս խոսքերը՝ Աբդուլաևան «Trend» լրատվական գործակալությանը ասել է, թե ԱՄՆ դեսպանի այդ հայտարարությունը «անընդունելի է»:

«Այդ տարածքները («Արևելյան Զանգեզուրը  և Ղարաբաղը») Ադրբեջանի անքակտելի մասն են, և որևէ կարգավիճակի մասին հարց չի կարող լինել», - հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը՝ հավելելով, թե ամերիկյան կողմի նմանատիպ հայտարարությունները «խաթարում են» ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա գործունեության ապագան: