Անահիտ Օհանյան. Ո՞ւմ շահերն ես դու իրականում սպասարկում
Ցանկացած պետության դիվանագիտություն գնահատվում է ստորագրված փաստաթղթերով և դրանցից բխող հետևանքներով։
Մինչդեռ մենք այսօր ունենք մի իրավիճակ, որտեղ որևէ փաստաթղթավորված, երաշխավորված խաղաղություն գոյություն չունի, իսկ դրա հետևանքները լինելու են էլ ավելի աղետալի։
Միջազգային հարաբերությունների այբուբենն է․ ցանկացած զիջում, թեկուզ ամենափոքրը, պետք է արվի ինչ-որ բան ստանալու դիմաց։
փաշինյանի գործած հանցագործությունը միայն Արցախը թշնամուն նվիրելը չէր: նա հանձնեց մի ողջ հայրենիք, ջարդեց մեր անվտանգության ողնաշարը, բայց դրա դիմաց ՉՊԱՀԱՆՋԵՑ ՈՒ ՉՍՏԱՑԱՎ ԲԱՑԱՐՁԱԿԱՊԵՍ ՈՉԻՆՉ։
Զիջել ամեն ինչ և փոխարենը չստանալ ոչինչ դիվանագիտության մեջ սովորական միամտություն չէ և փաշինյանը դա շատ լավ հասկանում էր:
Եթե փաշինյանը պնդում էր, թե Արցախը Ռուսաստանի կողմից մեր վզին փաթաթված «թոկ» էր, որից ինքը 5000 մարդկային կյանքերի գնով ու հայրենիք զիջելով, իբր «ազատեց» մեզ, ապա այսօր նրան մի պարզ հարց պետք է տալ․
Իսկ այժմ ո՞վ է մեր վզին նոր թոկեր փաթաթում։
Չէ՞ որ այս միակողմանի զիջումները հակամարտության հանգուցալուծման փոխարեն ստեղծեցին նորանոր, չլուծված ու պայթյունավտանգ խնդիրներ. անվերջանալի ու նվաստացուցիչ սահմանազատումներ, անկլավների չփակված թեմա, Բաքվի բանտերում տանջվող հայ գերիներ և Ալիևի անկշտորեն աճող պահանջներ։
Եվ եթե այսքան կենսական հարցեր Արցախը հանձնելիս անգամ պահանջ չեն դարձել, ապա հասարակությունն իրավունք ունի հարցնելու ԻՆՉՈ՞Ւ։ Ինչո՞ւ Հայաստանը զիջեց ամեն ինչ, բայց չստացավ նույնիսկ այն նվազագույնը, որը պարտավոր էր պահանջել սեփական ժողովրդի անվտանգության և պետության ապագայի համար։
Ակնհայտ է, որ այս խնդիրները գիտակցաբար են թողնվել չլուծված։ Իրական նպատակը երբեք էլ հակամարտության վերջնական ավարտն ու կայուն խաղաղության հաստատումը չի եղել։ Հայաստանը պարզապես մտցվել է մի նոր իրողության մեջ, որտեղ կոնֆլիկտը մշտապես բորբոքման պատրաստ վիճակում պահելու համար ստեղծվել են բոլոր հնարավորությունները։
Իսկ երբ զիջում ես ամեն ինչ առանց անվտանգային որևէ երաշխիք ստանալու, պարտավոր ես պատասխանել մեկ այլ ամենագլխավոր հարցին.
ո՞ւմ շահերն էիր դու իրականում սպասարկում։


