Անթալիայում ավարտվեցին Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների բանակցությունները (տեսանյութ)
Ռուսաստանի ու Ուկրաինայի միջեւ սկսված պատերազմն ավարտին հասցնելու նպատակով Թուրքիայի կազմակերպած արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումն Անթալիայում ավարտվել է, հաղորդում է Sabah պարբերականը։
Ուկրաինայի ու Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Կուլեբան ու Լավրովը առանձին սրահներում են հանդիպել լրագրողների հետ, քանի որ նախօրոք հայտնել էին, որ համատեղ մամուլի ասուլիսի ցանկություն չունեն։
«Հանդիպման ժամանակ հասկացանք, որ այլընտրանք չունենք։ Շարունակելու ենք շարժվել սկսած ճանապարհով։ Մեր թուրք գործընկերների նախաձեռնությամբ քննարկեցինք հումանիտար հարցերը։ Աշխատում ենք քաղաքացիական անձանց խնդիրները լուծել։ Նրանք պատանդ են մնացել, նրանց օգտագործում են»,- մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպման քննարկման հիմնական թեման հումանիտար հարցերն էին։ Բանակցություններից հետո ասել Լավրովը:
«Այսօր հիմնականում խոսել ենք հումանիտար հարցերի մասին։ Մենք բացատրեցինք, թե մեր զինվորականները ինչ միջոցներ են ձեռնարկում քաղաքացիական անձանց ճակատագրի թեթևացմանը նպաստելու համար, որոնք պատանդի կարգավիճակում են հայտնվել։ Այսպես կոչված «կամավորական գումարտակները», «տարածքային պաշտպանության ուժերը» նրանց որպես կենդանի վահան են օգտագործում, - նշել է Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարը հայտնել է, որ իրենք Բելառուսում բանակցությունների ընթացքում իրավաբանական փաստաթղթի տեսքով առաջարկներ են ներկայացրել, ուկրաինական կողմը փաստաթուղթը տարել է Կիև:
«Մենք ցանկանում ենք բելառուսական հարթակում լուրջ բանակցություններ վարել, համաձայնեցնել այն հարցերը, որոնք պետք է լուծվեն ուկրաինական ճգնաժամի համապարփակ կարգավորման շրջանակներում և եվրոպական մայրցամաքում անվտանգության ապահովման համատեքստում՝ հաշվի առնելով առանց բացառության բոլոր երկրները», - ասել է Լավրովը:
Մարիուպոլի ծննդատունը վաղուց էր դարձել ծայրահեղականների հենակետ, այնտեղ հաճախորդներ ու աշխատակիցներ չկան, հայտարարել է ՌԴ արտգործնախարարը։
«Ծննդատուն. առաջին անգամ չենք մենք լսում տեսական ճիչեր այսպես կոչված «գազանությունների» վերաբերյալ, «որոնք անում են ռուսաստանյան զինված ուժերը»։ Մարտի 6-ին կամ 7-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում մեր պատվիրակությունը փաստեր է ներկայացրել այն մասին, որ այդ ծննդատունը վաղուց գրավված է «Ազով»* գումարտակի ու այլ արմատակաների կողմից։ Այնտեղից վռնդել են բոլոր ծննդկաններին, բոլոր բուժքույրերին, ու ընդհանրապես՝ բոլոր աշխատակիցներին, դա ուլտրածայրահեղական գումարտակի հենակետն էր»,-ասել է Լավրովը Անթալիայում ուկրաինական գործընկերոջ՝ Դմիտրի Կուլեբայի հետ հանդիպումից հետո։
Նա հավելել է, որ այդ տվյալները ներկայացվել են երեք օր առաջ։
«Ու ես տեսել եմ բոլոր այդ ռեպորտաժները... Շատ հուզական է, բայց ցավոք, ցանկացած իրավիճակի երկրորդ կողմը, կողմ, որը թույլ է տալլիս օբյեկտիվ պատկերացում կազմել, երբեք հատուկ ուշադրության չի արժանանում»,-ասել է նախարարը։
Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան Անթալիայում ռուս գործընկերոջ` Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Կիևը մտադիր չէ կատարել Ռուսաստանի առաջադրած պահանջները:
«Մենք պատրաստ ենք դիվանագիտության, մենք դիվանագիտական լուծումներ ենք փնտրում, բայց քանի դեռ դրանք չկան, մենք անձնվիրաբար, զոհաբերելով ինքներս մեզ, պաշտպանելու ենք մեր հողը։ Մենք մտադիր չենք կատարել Ռուսաստանի առաջադրած պահանջները», - ասել է նա։
Կուլեբայի խոսքով՝ կողմերը պետք է լուրջ և առարկայական խոսակցություն վարեն։ Առայժմ Կիևի տեսանկյունից հակամարտության դիվանագիտական լուծումներ չկան։
Նա ընդգծել է, որ ուկրաինական կողմը բանակցություններում բարձրացրել է 24 ժամով հրադադար հաստատելու հարցը, որպեսզի լուծի հումանիտար բնույթի առավել հրատապ հարցերը։
«Մենք այդ հարցում առաջընթաց չգրանցեցինք, քանի որ, ըստ երևույթին, Ռուսաստանում այլ մարդիկ են որոշումներ կայացնում», - ասել է նախարարը:
Նա հավելել է, որ բանակցությունների ընթացքում կողմերը չեն քննարկել Ուկրաինային տրամադրված ռազմական օգնությունը, քանի որ ժամանակի մեծ մասը նվիրված է եղել հումանիտար հարցերին:
Նշենք, որ Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների այսօրվա հանդիպումը կազմակերպվել էր դիվանագիտական համաժողովի շրջանակում։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։