Ապրիլի 29-ից դեղորայքի մատակարարումը Արցախ կասեցվել է
Ծանր վիճակում գտնվող 9 բուժառու ռուս խաղաղապահների ուղեկցությամբ և շտապ օգնության մեքենայով Արցախից տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ, իսկ ևս 21-ը դեռևս սպասում են իրենց տեղափոխման հնարավորությանը: Տեղեկությունը հայտնում է ԱՀ առողջապահության Նախարարությունը:
«Հաշվի առնելով, որ ապրիլի 29-ից ադրբեջանական կողմի հարուցած խոչընդոտների պատճառով դադարեցված են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Արցախի բուժառուների տեղափոխությունները Հայաստան, ինչի հետևանքով առ այսօր արդեն 30 բուժառու զրկվել էր տեղափոխման հնարավորությունից, արցախյան կողմը ստիպված է եղել դիմել ռուս խաղաղապահների աջակցությանը և հրատապ կարիք ունեցող հիվանդներին տեղափոխել հայաստանյան բուժհիմնարկներ՝ նրանց կյանքը փրկելու համար: Իսկ մնացած 21 բուժառուները գտնվում են Արցախի բժիշկների հսկողության ներքո, որոնց կողմից ձեռնարկվում են հնարավոր բոլոր միջոցները՝ նրանց առողջական վիճակի հետագա վատթարացումը կանխելու համար»:
Նշենք, որ կասեցվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից դեղորայքի մատակարարումը Արցախ, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
«Դեղորայքի ներկրման կասեցմամբ պայմանավորված՝ Արցախի առողջապահության նախարարության ենթակա բոլոր բուժհաստատություններում կրկին դադարեցվել են պլանային վիրահատությունները, որոնք մասնակիորեն վերականգնվել էին շաբաթներ առաջ:
Խիստ կարևոր է, որ օր առաջ վերականգնվեն Կարմիր խաչի կողմից իրականացվող՝ հիվանդների և դեղորայքի հումանիտար փոխադրումները՝ առանց ադրբեջանցիների կողմից որևէ խոչընդոտի և հսկողական միջամտության: Դա անհրաժեշտ պայման է Արցախի առողջապահության համակարգի արդյունավետ գործունեության համար»,–հայտնում են գերատեսչությունից:
Ավելի վաղ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնել էր, որ Ադրբեջանի իշխանությունները Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու անօրինական գործողությունից հետո արգելում են Կարմիր խաչի մեքենաների տեղաշարժը և հիվանդների տեղափոխումը միջանցքով:
Ճանապարհի արգելափակված հատվածում Ադրբեջանի ուժային մարմինների ներկայացուցիչները պահանջում են Կարմիր խաչի վարորդների ու տեղափոխվող բուժառուների անձնագրային և մեքենաների ստուգումներ իրականացնել, ինչը նախկինում չի իրականացվել և հակասում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին: