Արամ Մանուկյան. Դատավորները հակաիշխանական լուրջ ճակատ են կազմել
Դատավորները հակաիշխանական լուրջ ճակատ են կազմել, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը:
- Որքանո՞վ է արդարացի հանրային պահանջը կամ դժգոհությունը, որ Փաշինյանը բարեփոխումների հարցում վճռական չէ, հապաղում է:
- Մենք շատ սպասում էինք և փորձում էինք օգնել, փորձում էինք աջակցել, որ այդ ռեֆորմները գնան, որովհետև հեղափոխության իմաստը դա էր՝ մաքրել հին ավգյան ախոռները, բերել այն վիճակի, ինչ նախասերժական, նախառոբական վիճակ էր, գոնե բերվեր այդ վիճակին: Մասնավորապես՝ բոլոր ռեֆորմները, որի մասին խոսել ենք, որին սպասել ենք, սկսվել են ու կիսատ են մնացել բոլորը՝ դատական ռեֆորմ, արդարադատության անցումային շրջան՝ ասվեց ու չարվեց, վեթինգ՝ ասվեց ու չարվեց, գնացինք, ոգևորվեցինք, ելույթ ունեցանք, ցուցակ տվեցինք, Մարտի 1-ի ամբողջ հանցակազմի ցուցակը տվել եմ դատախազների, դատավորի, բոլորին, չկա ոչ մի արձագանք:
Մենք սպասում էինք՝ արտաքին ոլորտում փոփոխություններ կլինեն, խոսում էին, որ նույնիսկ 1,5 տարի առաջ դեսպաններ պետք է փոխվեն, այն դեսպանները գոնե, որոնք Մարտի 1-ի կամ ընդհանրապես նախորդ իշխանությունների հանցագործությունները յուղով դրականով մատուցել են եվրոպական կառույցներին, այդ մարդիկ հիմա էլ են աշխատում: Այսինքն արտաքին դիվանագիտական բլոկում ոչինչ տեղի չի ունեցել՝ ո՛չ մարդկային առումով, ո՛չ բովանդակային առումով, մինչև հիմա ոչ մեկը չգիտի՝ որն է Ղարաբաղի հարցի լուծման կոնցեպցիան, ոչ թե լոզունգը:
- Իշխանությունների արձագանքը սա է՝ «հիմա էլ մենք պետք է զանգե՞նք դատավորներին, կա ծրագիր աստիճանաբար անում ենք այդ բարեփոխումները»:
- Վեթինգ ասվածը չկա այսօր, անցումային արդարադատությունը, որը ինքնստինքյան արագություն է պահանջում, անցումային արդարադատության իմաստ դա է, որ անցած երկար 10-20 տարների կեղտն արագ մաքրես ու անցնես առաջ: Այսինքն անցումային արդարադատությունը աճապարանքի, արագացված ռեժիմի գործընթաց է, որ պետք է արագ անես: Երկու տարի հետո անցումային արդարադատության մասին արդեն անիմաստ է խոսել, երբ հեռանում ես էլ կարիք չկա, որովհետև այդ դեպքում պետական ստրուկտուրան պետք է սկսի աշխատել:
- Արգելակո՞ւմ են դատավորները բարեփոխումները:
- Դատավորները ոչ միայն արգելակում են, դատավորները կարող են արդեն հակաիշխանական բլոկի լուրջ բևեռեր կազմել, ճակատ կազմել և ձայնակցել լրատվամիջոցների հետ, որոնք լրջագույնս վնասում են այս իշխանությանը և ռեֆորմների իրականացմանը, որի մասին խոսում ենք: Այսինքն այսօր Հայաստանում առաջանում են բևեռներ, և անում են, որոնք կարող են ռեալ խոչընդոտ հանդիսանալ ռեֆորմներին, եթե իշխանությունը ուզում է ռեֆորմներ անել: Էլի ուսերս բարձրանում է վեր, երբ տեսնում եմ՝ Սերժ Սարգսյանն ասուլիս է տալիս, Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն ասուլիս է տալիս, այսքան հոդվածները սպասում է դատարանում ընթերցելուն, այլ սովորեցնում է նույնիսկ: Սա ոչ այլ ինչ է, քան քամահրանք Մարտի 1-ին, քամահրանք այն ազատված ազատամարտիկներին, այն մարդկանց, ովքեր որ այսօր դատված են:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրի տեսանյութում