«  Նոյեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

Արայիկ Հարությունյան. «Մենք ունենք երազած հայրենիք, դրա համար պետք է պահպանել համերաշխությունը»

Արայիկ Հարությունյան. «Մենք ունենք երազած հայրենիք, դրա համար պետք է պահպանել համերաշխությունը»

Թե պատմությունն ինչպիսի գնահատական կտա, ժամանակը ցույց կա, սակայն երեկվա որոշումը ստիպված էինք կայացնել։ Նման հայտարարություն արեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ մենք կորցրել ենք Ֆիզուլիի շրջանը, Ջաբրայիլի շրջանը, Կուբաթլուի, Զանգելանի, Հադրութի շրջանը հիմնականում, Մարտունիի շրջանից ինչ-որ մաս, Ասկերանի շրջանից, և ամենագլխավորը՝ Շուշին։

«Մարտերն ընթանում էին Ստեփանակերտի մատույցներում՝ երկու-երեք կմ-ի վրա։ Եթե շարունակվեր այդպես, օրերի ընթացքում պիտի կորցնեինք ամբողջ Արցախն ու ունենայինք ավելի շատ զոհեր։ Հետևանքներն անդառնալի էին դառնալու»,- ասաց նա և ավելացրեց՝ չի էլ ցանկանում խոսել այն մասին, թե ինչ կլիներ Ասկերանում գտնվող զինվորների հետ, եթե կորցնեինք Ստեփանակերտը։

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ կարծես թե մի քանի օր հաջողվել էր պաշտպանվել ՀՕՊ-երի միջոցով, սակայն վերջին օրերին թշնամուն հաջողվեց առավելությունն իր ձեռքը վերցնել։

«Վերջին մեկ օրում, վերջին ժամերին մարդկային մեծ կորուստներ ենք ունեցել Մարտունու շրջանում, և այդ բոլոր կորուստները անօդաչուների հետևանքն են։ Եվ այդ ամենի համար մենք բոլորս ենք պատասխան տալու։ Բոլորս, ովքեր վերջին տասնյամյակներում զբաղեցրել ենք պաշտոններ»,- նշեց նա։

Ըստ Հարությունյանի՝ լավ վիճակում չէր նաև բանակի բարոյահոգեբանական վիճակը, ինչ-որ տեղ՝ անգամ ծայրահեղ վատ։ 

«Զորքը թութքով, դիզինտերիայով, քովիդով հյուծված վիճակում քառասուներեք օր առաջնագծում էր, և հնարավորություն չունեինք փոխարինելու, բուժելու։ Ամեն օր մարտական գործողությունների մեջ, ամեն օր զոհեր, վիրավորներ, բայց այդ ամենով կարողանում էինք դիմադրել ինչ-որ տեղ ութ պետությունների զինուժին։ Հաստատ միայն Ադրբեջանի դեմ չէինք կռվել, հաստատ միայն թուրքական զենքը չէր մարտադաշտում»,- նշեց նա։

Նախագահը խոստովանեց՝ նոյեմբերի 5-ից հայկական զինուժը կորցրել էր Շուշիի նկատմամբ հիմնական վերահսկողությունը, իսկ նոյեմբերի 7-ին՝ Շուշին ամբողջությամբ։

«Չէինք ուզում հավատալ, որ հայրենիք ենք կորցնում, չէինք ուզում հավատալ, որ անհնարին էր արդեն կռվել եղած ռեսուրսներով։ Շատ երկար փորձում էինք բանակցության սեղանի շուրջ քննարկել և կանգնեցնել։ Իհարկե, ես բանակցություններին չեմ մասնակցվել, բայց խնդիրները մեծ էինց,- նշեց Արայիկ Հարությունյանը։

Նա շեշտեց՝  կողմ էր կայացված որոշմանը, որովհետև հուսահատված չէր, եթե հուսահատված լիներ, կմտածեր շարունակել կռիվը կյանքի գնով և հասկանալով, որ պարտվելու ենք և կորցնելու ենք Արցախը։

«Ամեն ինչ դեռ առջևում է, Արցախի, Հայաստանի համար շատ ծանր օրեր ենք ունեցել պատմության ընթացքում, բայց կարողացել ենք ճիշտ որոշումներ կայացնելով և հետագայում ճիշտ ճանապարհով ընթանալով՝ նաև հաջողություններ արձանագրել։ Իսկ ո՞վ է ասել, որ դրանով ավարտվում է ամեն ինչ, դրանով սկսկվում է։ Մենք ավելի սթափ որոշում կայացնելու հնարավորություն ունենալու ենք, բայց դրա համար մեզ պետք է համերաշխություն առաջին հերթին Հայաստանում, Արցախում, հայ ժողովրդի մեջ»,- նշեց նախագահը՝ հավելելով, որ մեր ամենամեծ հակառակորդը եղել են պառակտումն ու խուճապը։

Նրա խոսքով՝ համազգային խնդիրները դեռ առջևում են, և երազանքներն էլ դեռ չեն մարել։

«Մենք ունենք երազած հայրենիք, դրա համար պետք է պահպանել համերաշխությունը»,- շեշտեց նա՝ կոչ անելով զերծ մնալ մեր ազգին ոչ հարիր գործողություններից։

Ըստ Արցախի նախագահի՝ ամեն ինչ դեռ առջևում է, պետք է մտածել, գնահատել և որոշումներ կայացնել։ Նա արդեն խորհրդակցություններ է սկսել։ Այսօր արդեն հանդիպել է ՀՅԴ ներկայացուցչի, նաև Վիտալի Բալասանյանի, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի հետ, հեռախոսազրույցներ է ունեցել տարբեր զինվորականների, քաղաքական ուժերի հետ։ 

«Եկել ենք մի համաձայնության, որ ցանկացած որոշում պետք է միասին կայացնենք, իսկ մեր որոշումները դեռ առջևում են։ Խնդրում եմ, սիրելի հայրենակիցներ, սթափվեք։ Քաղաքացիական պատերազմն ավելի մեծ սպառնալիք է մեր երկրի համար, ոչ միայն Արցախի, այլ Հայաստան աշխարհի համար։ Համախմբվենք և ցանկացած որոշում կայացնելուց առաջ գնահատենք»,- նշեց նախագահն ու խոստացավ առաջիկայում ավելի մանրամասն ներկայացնել այն հետքայլերը, որ սպասվում են Արցախում։

Հարությունյանը վերջին մի քանի օրերին հաճախակի քննարկումներ է ունեցել տարբեր ուժերի հետ, և բոլորն էլ միակարծիք են եղել ժամանակավոր կամ մշտական զինադադար ունենալու հարցում։ Նա վստահեցրեց՝ չի եղել մեկը, որ ասի՝ ոչ, եկեք շարունակենք կռել։

«Որովհետև բոլորն էլ տեսնում էին այն ռեսուսրները, որ կան։ Բայց բոլորն էլ պնդում էին, որ պետք է լինի մի փաստաթուղթ, որը չի ոտնահարի մեր արժանապատվությունը»,- տեղեկացրեց Արայիկ

Հարությունյանն ու ևս մեկ անգամ շեշտեց՝ զինադադարն անխուսափելի էր, պարտավոր էինք այդ քայլն անել Արցախը փրկելու համար, որովհետև օրերի ընթացքում կորցնում էինք ամբողջ Արցախն ու մեծ թվով մարդկային կյանքեր։

Հարությունյանի խոսքով՝ խորը ցավ է ապրում հիմա և բոլոր այս օրերին է ապրել։ Ստիպված է եղել իր տեսաուղերձներում կեղծ ժպտալ, որպեսզի ժողովուրդը չիմանա այն դառնությունները, որ իրենք էին ստիպված ապրել։