Արցախցին մոլորվել է ու հայտնվել Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում
Արցախի Մարտունու շրջանի Աշան համայնքի բնակիչներից մեկը մոլորվել է ու հայտնվել Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ազգային անվտանգության ծառայությունը։
«Այսօր՝ վաղ առավոտյան ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Մարտունու շրջանի Աշան համայնքի 2000թ. ծնված բնակիչ Մ.Մ.-ի անհայտ կորելու մասին: Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ հիշյալ քաղաքացին առավոտյան մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի:
Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին, ովքեր պարզել ու հավաստիացել են մեր քաղաքացու անվտանգության մեջ: Այս պահին բանակցություններ են ընթանում Մ.Մ.-ին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ»: