Արցախի ՄԻՊ-ը մանրամասներ է ներկայացնում Շուշիի մոտ ադրբեջանցիները կրակոցներից
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը մանրամասներ է ներկայացնում Շուշիի մոտ ադրբեջանցիները կրակոցներից.
«Նոյեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի մուտքի մոտակա խաչմերուկի հարևանությամբ ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել ջրամատակարարման խողովակների վրա շինարարական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով տուժել են 4 քաղաքացիական անձինք, որոնցից մեկը՝ 22-ամյա Ե․Մ-ն, մահացել է, երեքին (41-ամյա Ս․Ա, 31-ամյա Մ․Գ․, 43-ամյա Դ․Գ․) ցուցաբերվում է բժշկական օգնություն։
Տուժածների վիճակը բժիշկների կողմից գնահատվում է միջին ծանրության։
Իրավապահ մարմինների կողմից այս պահին իրականացվում են համապատասխան աշխատանքներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, ինչի պատճառով Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհահատվածի Շուշիի հատվածում երթևեկությունը կարճ ժամանակով դադարեցված է։
Արձանագրված միջադեպը հայ ժողովրդի նկատմամբ ադրբեջանական կողմի հայատյաց, ցեղասպան ու ֆաշիստական վարքագծի հերթական ապացույցն է, որի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր բազմիցս հայտարարել ենք։
Ադրբեջանական կամայականություններին ու անպատժելիությանը պետք է վերջ դրվի, ինչը հնարավոր է Արցախի ժողովրդի նկատմամբ ադրբեջանական կողմի նման հանցավոր գործողությունների ուսումնասիրության և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար հստակ մեխանիզմների ներդրմամբ»։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո սա խաղաղ բնակչի 2-րդ սպանությունն է ադրբեջանական զինուժի կողմից։