Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի ասուլիսը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ԱՀ մայրաքաղաք Ստեփանակերտում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ շնորհակալություն հայտնեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Հայաստանի ու Ադրբեջանի միջև հումանիտար հրադադար հաստատելու ջանքերի համար:
Այդուհանդերձ, նրա խոսքով, Արցախի ժողովրդի՝ 1988թ-ից ի վեր բարձրացրած արդարացի պահանջի ու ազատագրական պայքարի դեմ այսօր պայքարում է ոչ միայն Ադրբեջանը, այլև Թուրքիան ու միջազգային տեռորիզմը:
«Տեռորիզմը ներթափանցում է տարածաշրջան՝ Ադրբեջանի՝ ազգային ազատագրական պայքարին հայտարարած քաղաքականության քողի տակ»,- ասաց Հարությունյանը:
Արցախի նախագահը հայտարարեց, որ զինվորական օբյեկտների անվան տակ հակառակորդը շարունակում է հրթիռակոծել Արցախի խաղաղ բնակավայրերը: Նա հիշեցրեց նաև Շուշիի եկեղեցու կրկնակի հրթիռակոծման մասին և շեշտեց, որ դրա շրջակայքում չկա որևէ զինվորական օբյեկտ:
«Արցախում ընթանում է խաղաղ բնակչության բնաջնջման գործընթաց: Այսքանից հետո ակնկալում են Արցախի կողմից ոչ համապատասխան վերաբերմունք, այսինքն՝ համաձայնել իրենց կողմից պարտադրված պահանջներին: Դա չի լինելու, ուզում եմ հայտարարել՝ դա չի լինելու: Արցախն իրականացնում է իր ինքնապաշտպանության իրավունքը և մենք մեր այդ իրավունքի շրջանակներում նաև ՀՀ և հայության անմիջական մասնակցությամբ այն իրականացնելու ենք: Արցախը չի լինելու Ադրբեջանի մաս»,- ասաց նախագահը:
«Եթե առաջիկա օրերին Ադրբեջանը չգնա խաղաղ ճանապարհով բանակցությունների, ապա ես դիմելու են Հայաստանի իշխանություններին և մարդու իրավունքները հարգող երկրների իշխանություններին` ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը»,-ասաց նա։
Արայիկ Հարությունյանը նաև նշեց, որ հայտարարված հումանիտար հրադադարի խախտումը խոսուն վկայությունն է այն բանի, թե որքանով է Ադրբեջանը հարգում ՌԴ-ի, ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների, միջազգային հանրության ջանքերը, կոչերն ու հորդորները՝ կրակի դադարեցման ու խնդրի խաղաղ լուծման մասին:
Читать на русском