«  Դեկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Արման Գրիգորյան. «Այս պատերազմը դու ես հրահրել, Նիկոլ Փաշինյան»

Արման Գրիգորյան. «Այս պատերազմը դու ես հրահրել, Նիկոլ Փաշինյան»

Նիկոլ Փաշինյանն իր երեկվա ուղերձում պնդել է, թե Հայաստանի դիվանագիտությունը երբեք որևէ ձեռքբերում չի ունեցել Ղարաբաղի հարցում, հետևաբար այն մեղադրանքները, որ իր դիվանագիտությունը ձախողվել է արդարացի չեն։ Պատերազմն էլ ենթադրաբար այդ ժառանգության արդյունքն էր, ոչ թե իր քաղաքականության։ Լևոն Զուրաբյանը հանգամանալից կերպով անդրադարձել է պնդման պատմական հատվածին, ինչին ավելացնելու ոչինչ չունեմ։ 

Ես ուշադրություն եմ ուզում հրավիրել ուրիշ բանի վրա։ Ենթադրենք Փաշինյանը ճիշտ է ասում։ Ենթադրենք նա ծանր ժառանգություն է ստացել։ Ինչպե՞ս է դա արդարացնում ընդհանրապես բանակցություններից դուրս գալը։ Ինչպե՞ս է դա արդարացնում դիվանագիտական այն դիրքորոշման որդեգրումը, որ Հայաստանը կբանակցի միայն այն նախապայմանով, որ Ադրբեջանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը։ Ինչպե՞ս է դա արդարացնում Տավուշում կազմակերպած արկածախնդրությունն ու դրանով Ալիևին շատ բարդ ներքաղակական վիճակի մեջ դնելը։ Ինչո՞վ է դա արդարացնում Սևրի պայմանագրի մասին հիմար հայտարարությունը։ Ինչպե՞ս է դա արդարացնում ռուսներին որպես միջնորդ անհնարին վիճակի մեջ դնելը։ Ինչո՞վ է դա արդարացնում պաշտոնական մակարդակով կրկնվող հոխորտանքները, թե նոր պատերազմը կավարտվի Ադրբեջանի համար նոր տարածքային կորուստներով... 

Իրականում այս ամենը միայն մի բանով կարող էր արդարացվել. եթե մեր բանակը նման դիվանագիտության հետևանքները մարսելու կարողություն ունենար։ Բայց Փաշինյանին առանց այլևայլության ու շատ հստակ կերպով բանակի գլխավոր շտաբն ասել էր, որ մեր բանակն այդ կարողությունը չունի։ Փաստերը վկայում են, որ եթե ինչ-որ փոփոխություն տեղի ունեցավ մեր դիվանագիտության մեջ այդ զգուշացումից հետո (զգուշացումն արվել էր 2020 թ.-ի հունիսի 12-ին), ապա միայն մեր դիվանագիտության առավել կարծրացման տեսքով։ Հիմա վեր է կացել 25 տարվա դիվանագիտական ժառանգությունն է վերլուծում։ Կարող էր նույն հաջողությամբ 25 տարվա եղանակի տեսության պատմությունը վերլուծել։ Ճիշտ նույն տրամաբանական արժեքը կունենար իր խայտառակ քաղաքականությունն արդարացնելու համար։ 

Այս պատերազմը դու ես, հրահրել, Նիկոլ Փաշինյան։ Դու դա արել ես, որովհետև քո գլխում ինչ-որ բան էն չի։ Որովհետև քեզ երբեք իրատեսական ծրագրերը չեն հետաքրքրել, այլ միայն անիրատեսական ծրագրերը (սա քեզ եմ ցիտում), որովհետև քո կարծիքով հաղթանակը բացառապես հաղթանակի նկատմամբ հավատի հետևանք է (նորից քեզ եմ ցիտում)։ Որովհետև առանց Տիգրան Մեծի ու Աշոտ Երկաթի անունները տալու ելույթ չէիր կարողանում ունենալ, ինչից թափանցիկորեն երևում էր, որ պատմության մեջ էդ տղերքի կողքին կանգնելու հիվանդագին մտասևեռում ունեիր։ Թե չէ մեկ դիվանագիտական ժառանգությունն ես վերլուծում, մեկ ժողովրդին ես մեղադրում, թե ավելի ճկուն դիվանագիտությունը չէր ընդունի։ Քո պաշտպանության նախարարն ասում էր` պատերազմ լինի նոր տարածքներ ենք գրավելու, ժողովուրդն ի՞նչ մտածեր կամ ի՞նչ կապ կարող է ունենալ դրա հետ վատ դիվանագիտական ժառանգությունը։ 

Հիմա անհնարին արդարացումներ փնտրելու փոխարեն միայն երկու բան կարող ես անել, որ մեր մեծահոգի ժողովուրդը քեզ միայն անեծքով չհիշի. փոխել ընտրական օրենքը և հայտարարել արտահերթ ընտրություններ։ Ես քո փոխարեն երրորդ բանն էլ կանեի. կհայտարարեի, որ ես անձամբ չեմ մասնակցելու ընտրություններին ու որ ընդմիշտ հեռանում եմ քաղաքականությունից։

ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագիտության դոկտոր

Արման Գրիգորյան