Արման Գրիգորյան. «Էս ոնց էսպես գլխի վրա շուռ եկավ ամեն ինչ...»

«Սա ԵՄ-ի արձագանքն է Սիրիայում տեղի ունեցող բարբարոսությանը։ Պարզվում է բարբարոսության պատասխանատուները Ասադի աջակից ուժերն են։ Պաղեստինցիների ցեղասպանությանն աջակցելու խարանը քիչ էր էդ կազմակերպության համար, հիմա պիտի ալևիների ու քրիստոնյաների ցեղասպանությանն էլ աջակցեն, ու ինչպես առաջին դեպքում, հիմա նույնպես զոհին պիտի մեղադրեն դրա համար (տե՛ս կցված հայտարարությունը)։
Էս էդ նույն կազմկերպությունն է, իմիջիայլոց, որի անդամ դառնալու աղերսագիր ուղարկելու համար Հայաստանում ռեֆերենդում են ուզում անցկացնել, ինչին իշխող ուժն ինչքան հասկանում եմ հավանություն է տվել։ Ու դա անողներն ինձ նմաններին արժեքների ու իդեալների մասին դասեր են տալիս, երբ ես նյութական իրողությունների ու ուժերի հարաբերակցության մասին եմ խոսում։
Էս ոնց էսպես գլխի վրա շուռ եկավ ամեն ինչ...»
Վերջին օրերին Սիրիայի ծովափնյա շրջաններում տեղի ունեցած բախումների ընթացքում ավելի քան 340 խաղաղ բնակիչ է զոհվել։ Այս մասին հաղորդել է Մեծ Բրիտանիայում գործող «Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական կենտրոն» կառույցի ղեկավարը։
Ըստ դիտորդների՝ ալևի խաղաղ բնակիչները սպանվել են «մահապատիժների» արդյունքում, որոնք ուղեկցվել են «նրանց տների և ունեցվածքի կողոպուտով»: Սպանվածների թվում կան կանայք և երեխաներ։
Բախումները սկսվել են հինգշաբթի՝ մարտի 6-ին
Շաբաթ օրը՝ մարտի 8-ին, տարածաշրջանում, ըստ Դիտորդական կենտրոնի, «համեմատաբար հանգիստ է» եղել, սակայն անվտանգության ուժերը շարունակել են «մաքրման» գործողությունները և ուղարկել լրացուցիչ ուժեր:Սիրիական պաշտոնական SANA գործակալությունը հայտնել է, որ անվտանգության ուժերը հետ են մղել «տապալված ռեժիմի մնացորդների հարձակումը» ծովափնյա Լաթաքիա քաղաքի ազգային հիվանդանոցի վրա։
Թարմացում. Ավելի քան 1000 մարդ, այդ թվում՝ 745 քաղաքացիական անձ է սպանվել Սիրիայի նոր կառավարության և Ասադի հավատարիմ գրոհայինների միջև երկու օրվա բախումների հետևանքով. այս մասին հայտնում է Մեծ Բրիտանիայում գործող «Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական կենտրոն» կառույցը, փոխանցում է Associated Press-ը։
Հաղորդվում է, որ 745 խաղաղ բնակիչներ ենթարկվել են մահապատժի, սպանվել են նաև կառավարական անվտանգության ուժերի 125 աշխատակից և Ասադի 148 կողմնակից։
Նշենք՝ Սիրիայի Լաթաքիա քաղաքում երկու հայ է զոհվել՝ հայր և որդի, Անտուան և Ֆադի Բութրոսները, հաղորդում է Հալեպում լույս տեսնող «Գանձասար» պարբերականը: «Արեւելք»ի տեղեկություններով, Լաթաքիայում զոհված հայերը ոչ թե պատահական կրակոցների զոհ էին (ինչպես նախապես հայտարարվել էր), այլ նրանց սպանել են։
Լաթաքիայում մի տղամարդ խնդրում է իրենց օգնել, վերջ տալ ալևիների և քրիստոնյաների կոտորածին: «Հարյուրավոր դիակներ դուրս են շպրտում փողոց... ։ Իդլիբից, Համայից, Հոմսից գալիս են մարդկանց սպանելու։ Չեն մնա ոչ քրիստոնյաներ, ոչ ալևիներ...»։