Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը դատարանը քննելու է վաղը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում դեկտեմբերի 12-ին քննվել է Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին կալանավորելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նիստը հետաձգվել է և նշանակվել դեկտեմբերի 13-ին ժամը 10:30-ին:
Դռնփակ նիստը նախագահում էր դատավոր Արման Հովհաննիսյանը:
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը՝ օգոստոսի 3-ին Առաջին ալիքի «Օրակարգ»-ի հետ հարցազրույցի շրջանակներում հայտարարել էր, որ մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի օրերին ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանին:
«Ես Արմեն Գևորգյանի հետ կապված նորություն ունեի: Առաջին անգամ կհայտնեմ այս մասին այս հաղորդաշարի միջոցով: Նրան մեղադրանք է առաջադրվել, բայց ոչ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով»,- ասել էր ՀՔԾ պետը:
Նրա խոսքով՝ մեղադրանքն առաջադրվել էր՝ հաշվի առնելով տարիներ առաջ «Վիքիլիքսի» հրապարակումը: «Համաձայն այդ հրապարակման՝ Սերժ Սարգսյանի հակառակորդները բողոքարկել էին ընտրության արդյունքները Սահմանադրական դատարանում: ՍԴ-ն պետք է որոշում կայացներ, և այդ ժամանակ ճնշում է գործադրվել ՍԴ դատավոր Վալերի Պողոսյանի նկատմամբ: Վերջինը դիմել էր ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին ու հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմից իր վրա ճնշում են գործադրում իր եղբոր միջոցով, ով այդ ժամանակ աշխատում էր երկրորդ նախագահի աշխատակազմում: Քանի որ մենք այս բոլոր գործընթացները դիտարկում ենք ամբողջականության մեջ, այս ուղղությամբ ևս քննություն իրականացրեցինք, և վիքիլիքսյան հրապարակումն ամբողջությամբ հիմնավորվեց: Պարզվեց, որ Արմեն Գևորգյանը մեկ այլ պաշտոնյայի հետ փորձել է ճնշում գործադրել Վալերի Պողոսյանի վրա: Երևի թե ստացվել է, արդյունքի հասել են, որովհետև ի վերջո Վալերի Պողոսյանը չի մասնացել այդ գործով քվեարկությանը»,- գործի բնույթն էր ներկայացրել Սասուն Խաչատրյանը:
Պաշտոնյան նշել էր, որ Արմեն Գևորգյանը մեղադրվում է «ՀՀ Քրեական օրենսգրքի»՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող 332 հոդվածի 3-րդ մասով: «Այդ հանցանքը համարվում է ծանր, մինչև վեց տարի ազատազրկում է նախատեսում: Խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին»,- հայտնել էր ՀՔԾ պետը:
Ավելի վաղ՝ Արմեն Գևորգյանը մարտի 1-ի գործով կանչվել էր ՀՔԾ հարցաքննության: Արմեն Գևորգյանը 2007 թվականի հունիսից մինչև 2008-ի ապրիլը զբաղեցրել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը: