Արմեն Խաչատրյան. Այսօր մեր նպատակը մեկն է
Քաղաքական սկզբունքայնությունը սեփական երկրի ճակատագիրը կուսակցական հաշիվների զոհասեղանին դնելը չէ։
Մեզ այսօր մեղադրում են սկզբունքներից հրաժարվելու, նախկինում մեր քաղաքական հակառակորդների հետ համագործակցելու համար։ Ուզում եմ հիշեցնել մի քանի պարզ իրողություն։
Մենք եղել ենք Ռոբերտ Քոչարյանի իշխանության ընդդիմախոսը։ Մենք տասը տարի շարունակ պայքարել ենք Սերժ Սարգսյանի իշխանության դեմ։ Այդ պայքարը ոչ պատահական էր, ոչ էլ այսօր մոռացության է մատնվել։ Մենք չենք վերանայում մեր քաղաքական գնահատականները և չենք հրաժարվում մեր անցած ճանապարհից։
Բայց քաղաքականությունը միայն անցյալի հաշիվները փակելը չէ։ Քաղաքականությունը նաև ներկայի վտանգները գնահատելու և ապագայի համար պատասխանատվություն ստանձնելու կարողությունն է։
Դեռևս 2014-2016 թվականներին Հայ ազգային կոնգրեսը «խորհրդարանական քառյակի» շրջանակներում գործընկերային հարաբերություններ էր հաստատել ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ։ Դա չէր նշանակում, թե մենք մոռացել էինք մեր տարաձայնությունները կամ նույնականացնում էինք մեր քաղաքական անցյալը։ Դա նշանակում էր, որ կային հարցեր, որոնց շուրջ համագործակցությունն ավելի կարևոր էր, քան տարաձայնությունները։
Նույն քաղաքական տրամաբանությամբ՝ 2021 թվականի ընտրություններից առաջ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկեց Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին միավորել ուժերը՝ գործող իշխանությանը հեռացնելու համար։ Ընդ որում՝ առաջարկի առանցքային պայմանն այն էր, որ երեք նախկին նախագահներից ոչ մեկը չհավակնի որևէ պետական պաշտոնի։ Այսինքն՝ խոսքը ոչ թե պաշտոնների բաժանման, ոչ թե անցյալի վերականգնման, այլ երկրի առջև ծառացած վտանգը կանխելու մասին էր։
Եվ այսօր, երբ Հայաստանի առջև ծառացած է շատ ավելի մեծ վտանգ՝ Ալիևի պատկերացումներին համապատասխանող սահմանադրական փոփոխությունների պարտադրման և Հայաստանի ինքնիշխանության հետագա թուլացման վտանգը, մեզ առաջարկում են ի՞նչ անել։ Շարունակե՞լ անցյալի քաղաքական հակամարտությունները, մերժե՞լ հնարավոր բոլոր դաշնակիցներին և դրանով իսկ ճանապարհ բացե՞լ գործող իշխանության վերարտադրության համար։
Ո՛չ։ Դա սկզբունքայնություն չէ։ Դա քաղաքական կուրություն է։
Մենք չենք միավորվում, որովհետև մոռացել ենք անցյալը։ Մենք չենք միավորվում, որովհետև հանկարծ նույնացել են մեր քաղաքական հայացքները։ Մենք չենք միավորվում, որպեսզի որևէ մեկին վերադարձնենք իշխանության կամ արդարացնենք նրա նախկին գործունեությունը։
Մենք միավորվում ենք, որովհետև այսօր Հայաստանի պետականության, ինքնիշխանության և ապագայի հարցն ավելի բարձր է, քան մեր քաղաքական տարաձայնությունները։
Եվ թող ոչ ոք չփորձի մեզ դասեր տալ սկզբունքայնության մասին։ Սկզբունքայնությունը սեփական համոզմունքները պահպանելն է, բայց միաժամանակ հասկանալը, թե երբ է անհրաժեշտ անձնական, կուսակցական ու պատմական հակադրությունները մի կողմ դնել՝ հանուն երկրի։
Մեր նպատակը մեկն է՝ թույլ չտալ Ալիևի թելադրանքով Հայաստանի սահմանադրական կարգի փոփոխությունը, հեռացնել երկիրը դեպի կործանում տանող իշխանությանը և վերականգնել Հայաստանի ինքնիշխան զարգացման հնարավորությունը։
Իսկ նախկին քաղաքական ուժերի հետ համագործակցությունը չի նշանակում նրանց քաղաքական պատասխանատվությունից ազատել։ Ոչ ոք չի ստանում անցյալի համար անձեռնմխելիություն, ոչ ոք չի ստանում ապագա իշխանության մենաշնորհ։ Համագործակցությունը ընդհանուր նպատակի շուրջ է, իսկ քաղաքական գնահատականների իրավունքը մնում է յուրաքանչյուրիս։
Եվ եթե որևէ մեկը հանուն իր կուսակցական նեղ հաշվարկների պատրաստ է խոչընդոտել ընդդիմադիր լայն ճակատի ձևավորմանը, թող գոնե ազնվություն ունենա և բացատրի՝ ինչպե՞ս է պատկերացնում այս իշխանության հեռացումը՝ առանց ընդդիմադիր ուժերի միավորման։
Երկիրը կուսակցական սեփականություն չէ։ Իսկ նրա ճակատագիրը՝ անձնական վրեժխնդրության հարթակ։
ՀԱԿ վարչության անդամ
Արմեն Խաչատրյան


