Արթուր Սաքունց. «Իշխանությունը շատ կտրուկ պետք է կասեցնի նման սադրիչ գործողությունները»
Համացանցում տեսանյութ է տարածվում "Հեղափոխության պահապաններ" տարբերանշանով մարդկանց կողմից քաղաքացու նկատմամբ ապօրինի գործողությունների մասին։
Խմբով ճնշում են գործադրում քաղաքացու նկատմամբ, պահանջելով ներողություն խնդրել վարչապետին հայհոյելու համար։
Այս կադիրովական ոճի խուլիգանական գործողությունները պետք է կասեցվեն։
Սա ուղղակի խայտառակություն է, և իշխանությունը պետք է հստակ դատապարտի նման ինքնիրավչությունը, իսկ ոստիկանությունը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի նման խուլիագանական գործողությունը կատարողներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար։
Ոչ ոք չպետք է հետապնդվի իր կարծիքի համար, նույնիսկ հայհոյական արտահայտությունների համար, բացառապես պետք է գործեն իրավական մեթոդները և օրենքները։
Սա էր մնացել, որ քաղաքական աստառով խուլիգանական խմբեր գործեն արդեն իբր թե հեղափոխության պաշտպանության նպատակով։
Իրանում կան նման կառույցներ` իսլամական հեղափոխության պահապաններ, որի ղեկավարը վերջերս սպանվեց Իրաքում։
Նման կերպ գործում են Չեչնիայում` կադիրովականները, Ռուսաստանում` պուտինիստները։
Իշխանությունը շատ կտրուկ պետք է կասեցնի նման սադրիչ գործողությունները, որոնք որևէ աղերս չեն կարող ունենալ ժողովրդավարական և իրավական պետության արժեքների և սկզբունքների հետ։
Իրավապաշտպան Արթուր Սաքունց