Ազնվացեղ եղջերուի մասին նախազգուշացնող ճանապարհային նշաններ կտեղադրվեն (տեսանյութ)
Առաջիկայում կսկսվեն ազնվացեղ եղջերուի մասին նախազգուշացնող ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքները համապատասխան ճանապարհահատվածներում։ Այս մասին հայտնում է WWF-Հայաստանը:
«Դիլիջան» ազգային պարկը» տեսանյութ է հրապարակել, որին կից գրված է. «Ազնվացեղ եղջերուներն արդեն ամենուր են։ Պահպանի՛ր բնությունը, ծանոթացի՛ր բնությանը»։
Կադրերում երևում է, թե ինչպես են եղջերուները քայլում ճանապարհով, այնուհետև մի քաղաքացի նրանց ուղղորդում է դեպի անտառ և դուրս հանում ճանապարհի երթևեկելի հատվածից։
Դեպքի հետ կապված` WWF-Հայաստանը Դիլիջանի համայնքապետարանի և «Դիլիջան» ազգային պարկի հետ նախաձեռնել են քննարկում։
«Արդյունքում հստակեցվել է, որ կա անհրաժեշտություն վարորդներին նախազգուշացնելու կենդանիների առնչման հնարավոր վտանգի մասին և որոշվել, որ շուտով կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշանները»,-նշված է հաղորդագրության մեջ։
WWF-Հայաստանից ընդգծում են, որ ազնվացեղ եղջերուին վնասելու դեպքում պետությանը պատճառված վնասը հաշվարկվելու է 15 մլն դրամ, ինչպես նաև սահմանված են պատասխանատվության միջոցներ ՀՀ քրեական օրենսգրքի 386-րդ հոդվածի համաձայն (Ապօրինի որս)։