Դանիել Իոաննիսյան. «Թաթուլը ճիշտ էր, ես սխալվում էի»
Ընտրական նոր օրենսգրքի նախագծի համահեղինակ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
«ՔՊ-ում հասկացել են, որ իրենց ձեռք չի տալիս Ընտրական օրենսգրքի փոփոխությունը: Էլ Վենետիկ, էլ կոնսենսուս, էլ ինչ ասես չեն հորինում, որ ՀՀԿ-ի հագով կարված Ընտրական օրենսգրքով անեն ընտրությունները:
Արդեն պարզ է դառնում, որ ՔՊ-ում ուզում են ռեսուրսների մրցապայքարի տրամաբանությունը պահեն, որ իրենց օպոնենտը լինեն միմիայն երկիրը թալանած նախկինները:
Հ.Գ. Մի տարի առաջ Թաթուլ Հակոբյանն ասում էր, որ ՔՊ-ականները ընտրություն էլ կկեղծեն, իսկ ես չէի համաձայնվում, վիճում էի հետը: Կեղծելը դժվար, բայց որ մարդավարի ընտրություններ չեն ուզում անեն՝ արդեն փաստ է: Եվ այժմ ես պետք է ասեմ. Թաթուլը ճիշտ էր, ես սխալվում էի»:
Իսկ «Ազատության» հետ զրույցում Իոաննիսյանը կարծիք է հայտնում, որ ավելի լավ է ընդհանրապես արտահերթ ընտրություններ չանցկացնել, քան գնալ ընտրությունների գործող ընտրական օրենքներով: Նրա խոսքով` գործող կարգի տրամաբանությունը վարչական ռեսուրսի կիրառումն է:
«Այդ շատ անցանկալի դեպքում Ազգային ժողով կանցնեն այն ուժերը, որոնք ունեն ռեսուրսներ` ֆինանսատնտեսական, կրիմինալ, թաղային հեղինակություններ, մեդիառեսուրսներ, վարչական ռեսուրս, այդ ուժերը կհայտնվեն խորհրդարանում, իսկ այն ուժերը, որոնք ունեն քաղաքական ռեսուրս` լավ թիմ, լավ գաղափարներ, բայց չունեն ֆինանսա-տնտեսա-վարչական ռեսուրսներ, նրանք ուղղակի նույնիսկ անցողիկ շեմը չեն կարողանա հաղթահարել», - նշում է նա: