Դատարանը ուսումնասիրել է ձայնագրությունը և որևէ վիրավորանք և սպառնալիք չի արձանագրվել
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր ընթացավ Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը:
Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը դատարան գրություն էր ուղարկել այն մասին, թե «նիստին կողմերը անհավասար պայմաններ ունեն, պաշտպանների նկատմամբ օգտացործվում են վիրավորանքներ», և ինքը չի ցանկանում մասնակցել դատական նիստին:
Դատավոր Աննա Դանիբեկյանն ասաց, որ դատարանը ուսումնասիրել է ձայնագրությունը և որևէ վիրավորանք և սպառնալիք չի արձանագրվել:
Դատավորը հարցրեց՝ արդյոք մեկ այլ պաշտպան կարո՞ղ է փոխարինել Միհրան Պողոսյանին և նշեց՝ եթե 3 անգամ պաշտպանը չներկայանա, կարող են նշանակել այլ պաշտպան, այլապես քանի որ Միհրան Պողոսյանի բացակայությամբ հնարավոր չէ նիստը շարունակել, պետք է այն հետաձգել:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը պատրաստվում է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատավոր Աննա Դանիբեկյանին։