Դատախազությունը մերժել է դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբանի բողոքը
Գլխավոր դատախազությունը մերժել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբանի բողոքը։
Նշենք, որ բողոքն ուղղված էր ԱԱԾ-ի՝ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ։
Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանի որոշմամբ Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել անձնական երաշխավորությունը, որով դատարանում հանդես էին եկել Արցախի գործող և նախկին նախագահները, իսկ մայիսի 20-ին Գրիգորյանը որոշում էր կայացրել նաև քրեական գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու մասին։
Դավիթ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնեական կեղծիք կատարելու համար և կասեցվել են նրա լիազորությունները։