Դավիթ Բաբայանը՝ Բալասանյանի հարցազրույցի մասին
«Այն, ինչի մասին խոսում է պարոն Բալասանյանը, դա իր անձնական կարծիքն է եւ որեւէ առնչություն չունի պաշտոնական Ստեփանակերտի մոտեցումների, Արցախի Հանրապետության քաղաքականության, հասարակության ընդհանուր կարծիքի հետ», armtimes.com-ի հետ զրույցում անդրադառնալով Livenews.am-ին տված հարցազրույցում հնչեցրած գնահատականներին եւ սպառնալիքներին՝ այս մասին հայտարարեց ԼՂՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:
Ըստ Բաբայանի՝ յուրաքանչյուրը, հատկապես քաղաքական գործիչները, պարտավոր են շատ հավասարակշռված մոտենալ այս կամ այն հարցին, անել հնարավորը, որպեսզի չխարխլվի հայկական միասնականությունը:
«Որեւէ մեկը՝ ինչ ճանապարհ էլ որ անցած լինի, ինչ պաշտոն էլ զբաղեցրած լինի, ով ուզում է լինի, իրավունք չունի Հայաստանում, սփյուռքում, առավել եւս Արցախում հայտարարություններ անել, որոնք կխարխլեն մեր միասնականությունը: Արցախը սրբություն է, իսկ սրբությունը պետք է պահպանել, եւ դրա համար կրկնակի զգույշ պետք է լինել ցանկացած հայտարարություն անելիս: Դա չի նշանակում՝ Արցախը պետք է հլու-հնազանդ դառնա որեւէ ուժի ձեռքին, բայց Արցախը պետք է իր դիրքը պահպանի: Ցանկացած այլ զարգացում հղի է անկանխատեսելի հետեւանքներով: Մենք կողմնակից ենք կառուցողական քննադատության, դա շատ կարեւոր է. դեղը քաղցր չի լինում, բայց մենք դեմ ենք անհիմն վիրավորանքներին, սպառնալիքներին, հայհոյանքներին»,- հավելեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը:
Հիշեցնենք, որ Վիտալի Բալասանյանը երեկ իր հարցազրույցում մի շարք սկանդալային հայտարարություններ էր արել, այդ թվում հնչեցրել սպառնալիքներ՝ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ քաղաքացիների հասցեին: Բալասանյանը նաև նշել է, որ, «ըստ օդում կախված լուրերի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Ղարաբաղի հարցին վերաբերող ինչ-որ թուղթ կամ թղթեր է փոխանցել Փաշինյանին»: Այնուհետեւ ընդգծել է, որ «Փաշինյանը հայկական երկու հանրապետությունները տանում է կործանման»:
Հիշեցնենք նաև, որ Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի կողմից արված հայտարարությունները ՀՀ գլխավոր դատախազությունը ուղարկվել է ԱԱԾ ՝ նշված հանգամանքերը ստուգելու նպատակով: