Համանախագահները կոչ են անում հանդարտեցնել իրավիճակը, վերադառնալ բանակցություններին
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Խովաևը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) մտահոգությամբ հետևում են հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղի ունեցած վերջին միջադեպերին, մարդկային զոհերի մասին հաղորդումներին:
«Համանախագահները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ ապաէսկալացնել իրավիճակը, զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից, ամբողջությամբ կատարել իրենց պարտավորությունները ՝ համաձայն 2020թ նոյեմբերի 9-ի հայտարարության և հրադադարի վերաբերյալ համատեղ համաձայնեցված այլ պայմանավորվածությունների:
Համանախագահները կրկին հայտարարում են հակամարտության համաձայնեցված, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտության մասին և կողմերին կոչ են անում հնարավորինս շուտ վերադառնալ Համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցություններին:
Նրանք վերահաստատում են իրենց հովանու ներքո ուղիղ երկկողմ խորհրդակցություններ կազմակերպելու առաջարկը, որպեսզի կողմերը կարողանան համատեղ քննարկել եւ համաձայնեցնել իրենց առաջնահերթություններն արտացոլող համակարգված օրակարգը ՝ առանց նախապայմանների։
Համանախագահները վերահաստատում են իրենց վճռական աջակցությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և նրա թիմի շարունակական ջանքերին»:
Նշենք, որ Մոսկվան փոխել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահին։ Այսուհետ համանախագահությունը Իգոր Պոպովի փոխարեն կստանձնի 59- ամյա դիվանագետ Իգոր Խովաևը
Խովաևը նախկինում ՌԴ դեսպան է աշխատել Ֆիլիպիններում։ 1988-ից 2004 թվականներին նա աշխատել է տարբեր պաշտոններում Ռուսաստանի ԱԳՆ կենտրոնական ապարատում և արտասահմանում: 2004-2005թթ. եղել է ՌԴ ԱԳՆ արտաքին քաղաքականության պլանավորման դեպարտամենտի հայրենակիցների հետ աշխատանքի վարչության բաժնի պետ։ 2005-2010թթ. զբաղեցրել է Վիետնամում Ռուսաստանի դեսպանատան դեսպանորդ-խորհրդականի պաշտոնը: 2010-2015թթ.եղել է Ռուսաստանի ԱԳՆ Ասիայի երրորդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ։