«  Հունվար 2022  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

ԵԱՀԿ նախագահություն. Վերահաստատում ենք լիակատար աջակցությունը ՄԽ համանախագահներին

ԵԱՀԿ նախագահություն. Վերահաստատում ենք լիակատար աջակցությունը ՄԽ համանախագահներին

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահությունը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Այդ մասին հայտնեցին ԵԱՀԿ լեհաստանյան նախագահությունից՝ Մինսկի խմբի համանախագահների գործունեության մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունների առնչությամբ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան:

«ԵԱՀԿ լեհաստանյան նախագահությունը չի կարող մեկնաբանել Ադրբեջանի նախագահի հրապարակային հայտարարությունները: Մենք վերահաստատում ենք մեր լիակատար աջակցությունը և երախտագիտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի, նրա համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի աշխատանքին», - պատասխանել են ԵԱՀԿ լեհաստանյան նախագահությունից:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախորդ շաբաթ ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում սպառնացել էր ճնշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հարցով զբաղվելու փորձերը: Ալիևը մասնավորապես ասել էր. «Նրանք [համանախագահները] չպետք է զբաղվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, քանի որ այն լուծված է: Մենք ենք լուծել այս խնդիրը նրանց փոխարեն»: Ադրբեջանի նախագահը նաև պնդել էր, թե եթե հակամարտող կողմերից մեկը ասում է, թե հիմնախնդիրը լուծված է, ապա «միջնորդության տեղ այլևս չկա»:

Ադրբեջանի կողմից 2020 թվականին սանձազերծված 44-օրյա լայնածավալ պատերազմից հետո Ալիևը բազմիցս հանդես է եկել նմանատիպ հայտարարություններով՝ պնդելով, իբրև թե ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն է լուծված, այլ առհասարակ «Լեռնային Ղարաբաղ» հասկացություն գոյություն չունի և հետևաբար Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարց էլ չկա:

Այդուհանդերձ, չնայած Ադրբեջանի նախագահի պնդումներին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող պետությունները (Ռուսաստանի Դաշնություն, Ֆրանսիա, ԱՄՆ) և Մինսկի խմբի համանախագահները թե՛ առանձին և թե՛ համատեղ բազմաթիվ հայտարարություններով շեշտել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման անհրաժեշտությունը՝ կողմերին կոչ անելով վերսկսել խաղաղ բանակցությունները համանախագահների հովանու ներքո: Եվ միջազգային ողջ հանրությունն իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին և համանախագահների աշխատանքին: