ԵՄ-ն պատրաստ է աջակցել Վիեննայի և Փարիզի համաձայնությունների իրականացմանը
Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի կողմից հրադադարի ամրապնդման և խաղաղությանը նպաստող միջավայրի խթանման, ինչպես նաև նրանց կողմից հայտարարված՝ նպատակների միտված բանակցությունների ուղղությամբ հետագա քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը հուսադրող է, ասված է մարտի 29-ին Վիեննայում կայացած՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի առաջին պաշտոնական հանդիպման վերաբերյալ Եվրամիության հայտարարությունում:
«Եվրամիությունն ակնկալում է մարդասիրական ոլորտի միջոցառումների մշակման վերաբերյալ Վիեննայում ձեռք բերված համաձայնությունների, ինչպես նաև բնակչությանը խաղաղ կարգավորման նախապատրաստման համար միջոցների ձեռնարկման վերաբերյալ Փարիզում 2019 թվականի հունվարի 16-ին արտաքին գործերի նախարարների կողմից ձեռք բերված համաձայնությունների իրականացմանը և պատրաստ է աջակցել ջանքերին այդ ուղղությամբ», - Հայաստանում Եվրամիության պատվիրակության փոխանցմամբ՝ հայտարարել է ԵՄ արտաքին գործերի, անվտանգության ու հարևանության քաղաքականության, ընդլայնման բանակցությունների գծով խոսնակ Մայա Կոսիյանչիչը:
«Եվրոպական միությունը վերահաստատում է իր լիարժեք աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին և առաջարկություններին, այդ թվում՝ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցչի, ինչպես նաև հակամարտության բաժանարար գծի ողջ երկայնքով քաղաքացիական հասարակության վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման միջոցով», - ասված է հայտարարությունում:
Հիշեցնենք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները համատեղ հայտարարություն են տարածել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև մարտի 29-ին Վիեննայում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով։