Երկխոսություն Բրյուսելում՝ ՀՀ Մարդու իրավունքների շուրջ
Ապրիլի 8-ին Բրյուսելում տեղի ունեցավ ԵՄ-Հայաստան մարդու իրավունքների շուրջ երկխոսության 10-րդ հանդիպումը: Հանդիպումը համանախագահում էին Եվրոպական արտաքին գործերի ծառայության Արևելյան գործընկերության երկկողմ հարաբերությունների բաժնի ղեկավար Ռիչարդ Թիբբելսը և Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը:
Հայկական կողմից հանդիպմանը մասնակցում էին ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Գլխավոր դատախազության և ոստիկանության ներկայացուցիչները: ԵՄ-ն ներկայացրել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը, Եվրոպական հանձնաժողովը և ԵՄ պատվիրակությունը, այդ թվում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Կողմերը քննարկել են 2018 թվականի մայիսին Երևանում բարձր մակարդակի վերջին երկխոսությունից հետո գրանցված առաջընթացը: Քննարկման օրակարգում էին մարդու իրավունքների պաշտպանությունը, ընտրական բարեփոխումները, դատական և քրեակատարողական համակարգը, հավաքների, խոսքի և տեղեկատվության ազատությունը, գենդերային հավասարությունը և ընտանեկան բռնությունը, խտրականության դեմ պայքարի քաղաքականությունն ու աշխատանքային իրավունքը:
Երկու կողմերն էլ վերահաստատել են ժողովրդավարության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ընդհանուր արժեքների հանդեպ հանձնառությունը: Այս արժեքները ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հիմքում են: ԵՄ-ն շարունակում է իր աջակցությունը Հայաստանին այս հիմնական ոլորտներում: