Գեներալ Մուրադով. «ՌԴ խաղաղապահներն ավարտին կհասցնեն հայ գերիներին վերադարձնելու գործը»
Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ գեներալ Ռուստամ Մուրադովը հայտարարել է, որ Ղարաբաղյան պատերազմի հետևանքով Ադրբեջանում պահվող հայ գերիներին վերադարձնելու հարցում կա դրական ըմբռնում: Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Այսօրվա դրությամբ ադրբեջանական կողմի բոլոր զինծառայողները վերադարձված են, իսկ հայ ռազմագերիների վերադարձի գործընթացը շարունակվում է, առկա է դրական ըմբռնում: Կարծում եմ, որ այդ հարցը պետք է ամբողջությամբ փակվի: ՌԴ խաղաղապահները գործն ավարտին կհասցնեն»,-ասել է Մուրադովը:
«Որպես զինվորական, ես հասկանում եմ, թե ովքեր են ռազմագերիները, ինչ զգացողություններ են նրանք ունեցել: Ես հիշում եմ առաջին թռիչքը դեպի Բաքու, երբ գերիներին վերադարձնում էինք Երևան: Ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանում ու տեսանք արցունքներ:Նրանք չէին հավատում, որ վերադարձել են տուն»,-ասել էգեներալ Մուրադովը: