ՀԱԿ-ը՝ դատաիրավական համակագի վերափոխման և արդարության հաստատման վերաբերյալ
Հայ Ազգային Կոնգրեսի ծրագիրը ներկայացնում է առաջիկա հինգ տարիներին պետական կառավարման տարբեր բնագավառներում լուծման ենթակա խնդիրների բավականին համապարփակ շրջանակ։
Առկա իրողությունների թելադրանքով, առաջիկա հինգ տարիների համար Հայ Ազգային Կոնգրեսը առաջնային է համարում արմատական լուծումները հետևյալ ուղղություններով.
3. Դատաիրավական համակագի վերափոխում, արդարության հաստատում
ա) Որպես առաջնային քայլ դատական համակարգը պետք է մաքրել, ազատել դատավորի բարձր կոչումը վարկաբեկած, կոռումպացված ու կամակատար դատական կադրերից: Շինծու ու կեղծ մեղադրանքներով անմեղ անձանց կալանավորած ու դատապարտած, ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքներն ու ազատությունները գիտակցաբար ու միտումնավոր ոտնահարած բոլոր դատավորները, օրենքով սահմանված կարգով, ոչ միայն պետք է հետ կանչվեն իրենց զբաղեցրած պաշտոններից, այլեւ պատասխան տան դատարանի առաջ:
բ) Անցումային արդարադատության կիրառում․ ստեղծել Արդարության վերականգնման միջգերատեսչական հանձնաժողով, որում կընդգրկվեն ԱԺ պետա-իրավական հանձնաժողովի, Բարձրագույն դատական խորհրդի, դատախազության, արդարադատության նախարարության, ոստիկանության, ԱԱԾ-ի, ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչներ: Հանձնաժողովը պետք է`
ա) վեր հանի մարտիմեկյան ոճրագործության ընթացքում քաղաքացիների ազատությունների և իրավունքների ոտնահարման բոլոր փաստերը,
բ) պարզի և հաշվառի տուժողների շրջանակը,
գ) առաջարկի անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ և ձեռնարկի կոնկրետ քայլեր քաղաքացիների իրավունքների վերականգնման ուղղությամբ:
Պետությունը պետք է երաշխավորի, որ քաղաքացիները կվերականգնվեն աշխատանքում, հնարավորություն կստանան վերականգնելու սեփականության և բիզնեսի նկատմամբ իրավունքները, կամ կստանան համարժեք փոխհատուցում` կրած զրկանքների դիմաց:
Ի հավելումն ասվածի, մեր հասարակության և նոր կառավարության ուշադրությունն ենք հրավիրում կառավարման տարբեր բնագավառներում բարեփոխումներ իրականացնելու Հայ Ազգային Կոնգրեսի ամփոփ ծրագրերին, որոնց ավելի մանրամասն ծանոթանալու համար կարդացեք www.anc.am կայքում տեղադրված հետեւյալ փաստաթղթերը:
- Առողջության պահպանման քաղաքականության հիմնադրույթներ
- ՀՀ հանրակրթության հեռանկարային զարգացման ծրագիր
- Մշակութային մանիֆեստ
- Ազգային էկոլոգիական անվտանգության հայեցակարգ
- ՀՀ բարձրագույն կրթության եւ գիտության զարգացման հեռանկարային ծրագիր
- Դատաիրավական բարեփոխումների հայեցակարգ
- Արդյունաբերության զարգացման ծրագիր
- Գյուղատնտեսության խթանմանն ուղղված հրատապ միջոցառումներ
Հայ Ազգային Կոնգրես