Հակառուսական մոլուցքով տարվածները լեգիտիմացնում են Բաքվի օրակարգը
Մեր «արևմտամետները» գոնե հասկանո՞ւմ են, որ հակառուսական մոլուցքով տարված՝ ակամայից լեգիտիմացնում են Բաքվի օրակարգը:
Չէի ուզում այս թեմային անդրադառնալ, բայց ստիպված գրում եմ՝ տեսնելով այն պսիխոզը, որ տարածվում է սոցիալական ցանցերում՝ ուկրաինական բանակի վերջին օրերի հաջողությունների հետ կապված:
Միանգամից արձանագրեմ, որ ռուս- ուկրաինական պատերազմում ես համակրություն չունեմ ու միակ բանը, որ ուզում եմ՝ պատերազմի արագ ավարտն է, որովհետև համաշխարհային գլոբալ հակադրությունը Հայաստանին որևէ լավ հեռանկար չի խոստանում:
Հիմա՝ ըստ էության:
Առաջին հերթին՝ ուկրաինական բանակի հաջողությունները բավական լոկալ են, որպեսզի հնարավոր լինի խոսել ռուս- ուկրաինական պատերազմում նկատվող իբրև թե բեկման մասին: Պուտինն այս պատերազմում պարտվել չի կարող, եթե նույնիսկ հարկ լինի դիմել ծայրահեղ միջոցների: Նա այս հարցում չունի տաբուներ, ինչը գիտակցել են անգամ Ֆրանսիայի, Գերմանիայի առաջնորդները, ԱՄՆ մի շարք փորձառու դիվանագետներ, որոնք հետևողականորեն առաջ են քաշում բանակցային լուծման անհրաժեշտությունը: Հետևաբար, տուրք մի տվեք ձեր հակառուսականությանը՝ խաղալով ուկրաինացի ժողովրդի շարունակվող տառապանքների վրա:
Երկրորդ, ընդունենք, որ բոլորդ ճիշտ եք ու Ռուսաստանն Ուկրաինայում ջախջախվելու է: Ո՞րն է երաշխիքը, որ այդ պարագայում Հարավային Կովկասում անվտանգային վակուումը կլրացվի ոչ թե ԱՄՆ կամ Ֆրանսիայի, այլ ՆԱՏՕ-ի նրանց դաշնակից Թուրքիայի կողմից: Չկա նման երաշխիք, իսկ իմ նշած սցենարի պարագայում՝ պարզ է, որ մենք կարող ենք երնեկ տալ 44-օրա պատերազմի հետևանքներին:
Եվ վերջապես՝ 44-օրյա պատերազմում Ադրբեջանը Ուկրաինա էր, միջազգայնորեն ճանաչված իր տարածքներն էր «ազատագրում», իսկ Հայաստանը հանդես էր գալիս պայմանական Ռուսաստանի կերպարով։ Եթե Դոնբասը Ռուսաստան չէ, Զապորոժիեն և Խերսոնը Ռուսաստան չեն, ապա Ջեբրայիլն էր Հայաստան չէր։
Ուկրաինան իր միջազգայնորեն ճանաչված տարածքի համար է կռվում, Ադրբեջանն էլ՝ իր, ինչու՞ պիտի միջազգային հանրությունը մեզ օգներ կամ մեր կողմից լիներ:
Մեր, այսպես ասած, արևմտամետները գոնե հասկանո՞ւմ են, որ հակառուսական մոլուցքով տարված՝ ակամայից, անուղղակիորեն լեգիտիմացնում են Բաքվի օրակարգը:
Խաղաղություն Ուկրաինայի և Ռուսաստանի բարեկամ ժողովուրդներին: