«  Նոյեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

Համանախագահները հորդորել են հրաժարվել սադրիչ գործողություններից և հռետորաբանությունից

Համանախագահները հորդորել են հրաժարվել սադրիչ գործողություններից և հռետորաբանությունից

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ռուսաստանցի Իգոր Խովաևը, ամերիկացի Էնդրյու Շոֆերը և ֆրանսիացի Բրիս Ռոքֆեյը նոյեմբերի 11-ին հրապարակել են հայտարարություն, որով անդրադարձել են Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի մասնակցությամբ հանդիպումներին:

Համանախագահները նախ նոյեմբերի 10-ին առանձին հանդիպել են Բայրամովին և Միրզոյանին, ապա տեղի է ունեցել համատեղ հանդիպում, որը բացել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը:

Այդ հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

Համանախագահները շարունակել են քննարկումները լարվածության թուլացմանն ուղղված հնարավոր միջոցների և ձեռնարկվելիք առաջիկա քայլերի, այդ թվում` այս ձևաչափով նոր հանդիպումներ անցկացնելու և տարածաշրջան այցելելու շուրջ:

Համանախագահները և նախարարներն անդրադարձել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ երկու երկրների ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին:

Համանախագահները վերահաստատել են մարդասիրական բնագավառում, այդ թվում` կալանավորների, ականազերծման, անհետ կորածների, տեղահանվածների, պատմամշակութային վայրերի պաշտպանության հարցերում առաջընթացի կարևորությունը և կողմերին կոչ են արել անարգել մուտք ապահովել միջազգային մարդասիրական կազմակերպությունների համար:

Համանախագահները կողմերին հորդորել են հրաժարվել գրգռող հռետորաբանությունից և սադրիչ գործողություններից:

Համանախագահները նոյեմբերի 10-ին և 11-ին հանդիպել են Ֆրանսիայի ԱԳՆ և Ելիսեյան պալատի {Ֆրանսիայի նախագահի նստավայրի} ներկայացուցիչների հետ և քննարկել են իրենց մանդատի շրջանակներում շարունակական ջանքերը, որոնք պետք է օգնեն կողմերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող մնացած բոլոր հարցերում համապարփակ լուծումներ գտնելու համար:

Հիշեցնենք` նոյեմբերի 10-ին երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները Ֆրանսիայի մայրաքաղաքում մասնակցում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի նստաշրջանին։ Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպել էին պատերազմից մեկ տարի անց՝ սեպտեմբերի վերջին Նյու Յորքում։

«Ազատություն»