Հարց, որը դեռ պատասխան չունի. «ՉԻ»
«Չորրորդ Իշխանություն»-ը գրում է.
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ ընդամենը մեկ հարց պիտի տրվի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը համառորեն չի տրվում. «Հարցը հետևյալն է. 2019-ին քո սեղանին դրվել է ԼՂ հակամարտության կարգավորման պլան՝ երեք համանախագահների անունից, որի էությունը հետևյալն է. դու հինգ շրջանը հետ ես տալիս, պահում ես ԼՂ-ը, Քելբաջարն ու Լաչինը՝ քո վերահսկողության ներքո, Քելբաջարի ու Լաչինի՝ ոչ միջանցքային մասը տալիս ես միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանը համաձայնում է ԼՂ վերջնական կարգավիճակին: Այսինքն՝ բերվել էր փայլուն լուծում... Բայց դու անում ես 2 քայլ. խաբում ես ժողովրդին, ասում՝ սեղանին ոչ մի փաստաթուղթ չկա, և երկրորդ՝ ոչ միայն մերժում ես, այլև չես փորձում բանակցել այդ պլանը: Հիմա հարց՝ ինչո՞ւ»:
168.am-ը Լևոն Զուրաբյանի բարձրացրած հարցն ուղղել է Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանին՝ հետաքրքրվելով, թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը և ինչու Նիկոլ Փաշինյանն այդ լուծմանը չի գնացել։
Ի պատասխան՝ Նազելի Բաղդասարյանն ասել է. «Դրա վերաբերյալ վարչապետը հերքում տվել է, որ չի եղել։ Սրանից ավելի՝ այլ բան չկա պատասխանելու»։
Իրականում Լևոն Զուրաբյանի վերոհիշյալ հարցը նախկինում տրվել է Հայաստանի իշխանություններին և առ այսօր որևէ ողջամիտ պատասխան չի եղել:
Իսկ հարց տվողը Ռուսաստանի արտգործնախարարությունն է եղել: 2021 թվականի դեկտեմբերին ՌԴ ԱԳՆ-ն պարզաբանել էր, որ կարգավորման պլանի վերջին տարբերակը Մինսկի խմբի համանախագահները կողմերին են փոխանցել 2019-ին։ Դրանով, նախատեսվում էր առաջին փուլում Ադրբեջանին վերադարձնել հինգ շրջանները, երկրորդ փուլում՝ երկուսը՝ դա անպայմանորեն կապելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման հետ։
«Պլանի այլ տարրերից էին՝ ԼՂ իրավունքների ճանաչում, որոնք կապահովեին բնակչության լիարժեք կենսագործունեությունը, ԼՂ ներկայացուցիչների մասնակցություն ԵԱՀԿ նիստերին, շրջափակման վերացում, սահմանների բացում, կողմերի կողմից ուժ չկիրառելու պարտավորության ընդունում, Լաչինի միջանցքի լայնության ու կարգավիճակի հարցի լուծում՝ հաշվի առնելով Ադրբեջանին Քելբաջարի և Լաչինի շրջանների վերադարձը։
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին, ապա մինչև 2020 թվականի աշունը բանակցությունների սեղանին առկա առաջարկները նախատեսում էին հետևյալը՝ Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վերջնական որոշում՝ համաժողովրդական քվեարկության միջոցով՝ ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ հովանու ներքո, կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում։ Քվեարկությունը պետք է լիներ իրավական առումով պարտադիր՝ միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի համապատասխան, ընդ որում, քվեարկության դրվող հարցերի ձևակերպումները կամ հարցերը չէին սահմանափակվելու, և ցանկացած արդյունք պետք է հարգվեր կողմերի կողմից:
Փաստերը պերճախոս են՝ բաց են թողնվել խաղաղ կարգավորման բազմաթիվ հնարավորություններ, ընդ որում՝ ոչ Ռուսաստանի Դաշնության մեղքով։
Համեմատեք համանախագահների առաջարկները ներկայիս իրավիճակի հետ և եզրահանգումներ արեք»:
Համարյա ամբողջությամբ մեջբերեցինք ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը:
Իսկ մեր իշխանություններն ասում են՝ չի եղել: Ընդ որում, այդ պատասխանը շատ հեղհեղուկ ու անկապ է, անորոշ: Այնպիսի պատասխան է, որ հետո ոնց ուզեն, կարող են մեկնաբանել: Ի՞նչը չի եղել: 2019-ի կարգավորման պլա՞նը, Հայաստանի մերժողական դիրքորոշո՞ւմը, Լևոն Զուրաբյանի հա՞րցը... Պարզ չի, թե ինչն են հերքում:
Ամբողջական՝ սկզբնաղբյուրում: