«  Օգոստոս 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Հարութ Ուլոյան. Պարոն Լիպարիտյանի հոդվածը մեկ այլ իրականության մասին է

Հարութ Ուլոյան. Պարոն Լիպարիտյանի հոդվածը մեկ այլ իրականության մասին է

Ուշադրությամբ ընթերցեցի Ժիրայր Լիպարիտյանի հոդվածը՝ ԱՄՆ-ում նախաստորագրված եռակողմ հռչակագրի վերաբերյալ (aravot.am): Կարելի է, իհարկե, կետ առ կետ հակադրվել դրանում տեղ գտած անձնական պատկերացումներն ու ցանկությունները որպես իրողություններ ներկայացնելու ջանքերին, սակայն հետևյալ միտքը, այն է՝ «Կարելի է պնդել, որ այս երկկողմ հաղորդակցություններն ավելի արդյունավետ էին, քան երկու տասնամյակից ավելի տեւած միջազգային միջնորդավորված ջանքերը», ինքնին խոսում է այն մասին, որ, կարծես, հոդվածը մեկ այլ իրականության մասին է:

Այդ միտքն էլ հենց հանդիսանում է ողջ հոդվածի գլխավոր հիմնաքարը, որովև, ակնհայտորեն, մոռացության է մատնվում հայ-ադրբեջանական հակամարտության պատճառը՝ Ղարաբաղն ու ղարաբաղյան հիմնախնդիրը:

Ամենայն հարգանքով հանդերձ, պարոն Լիպարիտյանը, վերոնշյալ միտքը պնդելուց առաջ, պետք է պատասխաներ հետևյալ հարցին. Արդյո՞ք ավելի քան երկու տասնամյակ տևած միջազգային միջնորդավորված ջանքերը «արդյունավետ» չէին լինի, եթե այդ ժամանակահատվածում Հայաստանը ղեկավարած անձինք Ղարաբաղի հարցը «լուծեին» այնպես, ինչպես այն «լուծեց» Փաշինյանը:

Հարգարժան պարոն Լիպարիտյանը, մեծագույն փորձ ունենալով հայ-ադրբեջանական երկկողմ բանակցություններում, կարծում եմ բոլորիցս շատ լավ է պատկերացնում, թե Հայաստանը թե´ միջնորդներից, թե´ թուրքերից, թե´ ադրբեջանցիներից ինչեր կարող էր ստանալ, եթե 90-ականներին, 2000-ականներին, կամ 2010-ականներին Ղարաբաղի հարցը «լուծեր» այնպես, ինչպես դա արեց Փաշինյանը:
Եթե Ղարաբաղի թեման՝ իր ողջ պատմությամբ հանդերձ, ուղղակի մոռացության մատնենք, ապա, այո´, Նոբելյան մրցանակի առաջին հերթին արժանի է ոչ այլ ոք, եթե ոչ՝ Փաշինյանը: 
Բայց, այնուամենայնիվ, եռակողմ հռչակագրում փոխադարձության սկզբունք ՉԿԱ´: Սա կատարյալ խաբեություն է:

Հ.Գ. Որոշ պրիմիտիվ մանիպուլյատորների համար էլ հարկ է արձանագրել, որ «Ղարաբաղը հետ ուզելն» այլ բան է, սեփական պատմությունն ուրանալը, խեղաթյուրելը, կեղծելն ու գեղեցիկ բանԾիկով փաթեթավորված միակողմանի զիջումները որպես դարակազմիկ ձեռքբերում հրամցնելը՝ լրիվ այլ: