«  Հուլիս 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Հարութ Ուլոյան. Փաշինյանը ցանկանում է հեղաշրջում իրականացնել Եկեղեցում

Հարութ Ուլոյան. Փաշինյանը ցանկանում է հեղաշրջում իրականացնել Եկեղեցում

Փաշինյանի երեկվա գրառումը, որքան էլ առաջին հայացքից ոչ մի «նորություն» չի պարունակում, սակայն դրանում Փաշինյանը, ըստ էության, ամբողջությամբ բացահայտում է իր պլանները՝ կապված Եկեղեցու ապագայի վերաբերյալ: Ավելին, այդ գրառումն ուղղակի ապացույցն է այն բանի, թե ինչ մակարդակի աղանդավորական միջամտություններ է պատրաստվում իրականացնել Փաշինյանը:

Տվյալ գրառմամբ, Փաշինյանն արդեն բացահայտորեն խոստովանում է, որ իր խնդիրը ոչ թե կոնկրետ Կաթողիկոսի անձի հետ է, այլ՝ Եկեղեցու ողջ վերնախավի: Մի բան, որը ամիսներ շարունակ ոչ մի կերպ չէին ընդունում: Ոչ միայն չէին ընդունում, այլև մեզ՝ «մոլորյալներիս», պրոպագանդան ամեն գնով փորձում էր ապացուցել, որ իրենց պայքարը բացարձակապես Եկեղեցու դեմ չէ, այլ միայնումիայն Կաթողիկոսի: Հը՞ն, ընկերներ, բա ձայն հանեք: Թե հիմա էլ պիտի պրոպագանդեք, որ Կաթողիկոսի ու «Եկեղեցու վերնախավի» մեջ ոչ մի տարբերություն չկա: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ Եկեղեցու ամբողջական գլխատում: Ինչն իր հերթին հանգեցնելու է ողջ Եկեղեցու կազմալուծմանը:

Ովքե՞ր են կանգնելու ձեր կողքին: Կարգալույծ արված ինչ-որ անձինք ու «աբիժնիկության» շարժառիթով առանջնոդվողնե՞րը…Իսկ նրանցից քանի՞սն են լինելու օտարերկյա պոտենցիալ գործակալներ:

Ըստ Փաշինյանի՝ ոչ մի կուսակրոն, ըստ էության, կուսակրոն չէ: Ուստի մեծարգո Փաշինյանին այլ բան չի մնում անելու, քան Կաթողիկոսի տեղապահ նշանակել ամուսնացած «բարեվարք» քահանայի… Կներեք, իսկ այդ քահանայի «բարեվարքությունն» էլ է իր հոգու աչքերով ստուգելո՞ւ, թե՞ ստի հոգևոր դետեկորին է նստեցնելու:

Որ կուսակրոնության թեման այլևս սպառված է, վկայում է, նախ, հենց այն փաստը, որ Փաշինյանը Եկեղեցու ողջ վերնախավից է ցանկանում ազատվել, և, 2-րդ, Փաշինյանը ցանկանում է խմբագրել ու կրճատել միջնադարից եկող ու, ինչպես Փաշինյանն է նշում, փաստացի չգործող կանոնակարգերը: Ու քանի որ Փաշինյանն արդեն իսկ ազատված է լինելու բոլոր կեղծ կուսակրոններից, այսինքն, ըստ էության, բոլոր կուսակրոններից, ապագա ենթադրյալ կաթողիկոսն, արդեն, կարող է և չլինել կուսակրոն: Այսինքն, կանոնագրքի խմբագրման ժամանակ, առաջին հերթին, հենց այդ՝ կուսակրոնության պահանջն է վերանալու: Ու այդ ողջ խմբագրական աշխատանքն, իհարկե, իրականացնելու է անձամբ ինքը՝ Փաշինյանն ու ընդունվելու է վերջինիս «հոգու աչքերով» ընտրված ինչ-որ ժողովի կողմից:

Ավելի պարզ ասած՝ մեծարգո Փաշինյանը, շահարկելով սուրբ կանոնագրքերով սահմանված կուսակրոնության թեման, հեղաշրջում է իրականացնելու Եկեղեցում, ապա նույն այդ կանոնագրքերից, որոնք, փաստորեն, հնամաշ ու ժամանակավրեպ են, վերացնելու է կուսակրոնության պահանջն ու կաթողիկոս է ընտրելու՝ համաձայն բարեվարքություն ստուգող ինչ-որ ստանդարտների:

Փաշինյանն, ըստ այդմ, ինչպես առաջին նախագահն էր ժամանակին բնորոշել, իրեն իսկական Փրկիչ՝ Մեսիա է երևակայում: Դրա լավագույն ապացույցն է նաև այն, որ նույն՝ վերջին գրառման մեջ, Փաշինյանը Եկեղեցու դեմ իրականացվող շարժման առաջնորդների համար ինչ-որ չափանիշներ է սահմանում, ապա պնդում, որ քանի որ ինքն է առաջնորդելու այդ շարժումը, ապա ինքը համապատասխանում է այդ չափանիշներին: Սա ցինիզմի դրսևորում է, թե՞ մարազմի: Այս հարցի պատասխանը թողնում եմ մասնագետներին, բայց սա, ոչ ավել, ոչ պակաս, նույնն է, թե սուրբ լինելու համար ինչ-որ չափանիշներ շարադրել, ապա լուրջ դեմքով պնդել՝ քանի որ ես եմ շարադրել, ուրեմն՝ ես սուրբ եմ ու վե´րջ:

Հարութ Ուլոյան