«  Մայիս 2021  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարությունը՝ արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին

Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարությունը՝ արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին

Այսօր՝ մայիսի 18-ին, կայացավ Հայ Ազգային Կոնգրեսի նորընտիր վարչության անդրանիկ նիստը, որը քննարկեց Ազգային ժողովի առաջիկա արտահերթ ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը։ Համակողմանի քննարկման արդյունքում, ընդունվել է հետևյալ որոշումը․

Հայ Ազգային Կոնգրեսը մասնակցելու է հունիսի 20-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

Կոնգրեսի ընտրական ցուցակը կգլխավորի Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, իսկ ընտրական շտաբը՝ կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը։

Այդ կապակցությամբ, Հայ Ազգային Կոնգրեսի վարչությունը ընդունել է նաև հետևյալ հայտարարությունը․

Հայաստանը գտնվում է ծանրագույն վիճակում։ Վտանգված են հայոց պետականությունը, քաղաքացիների ապահովությունը, երկրի սահմանները և տարածքային ամբողջականությունը, Արցախի գոյությունը։ Գործող իշխանությունը, ծանրագույն ռազմական պարտության տանելով երկիրն ու ժողովրդին, ապացուցել է պետությունը կառավարելու իր անկարողությունը։ Առաջացած կառավարման ճգնաժամը առավել բարդանում է երկրում ստեղծված ներքաղաքական ճգնաժամով և լարված հակամարտությամբ։ Ժողովրդին ըստ էության առաջարկվում է ընտրություն կառավարման գործը ձախողած իշխանության և քրեա-օլիգարխիկ կեղեքիչ համակարգի վերականգնմանը ձգտող ուժերի միջև։ Հանրության մեծամասնությունը հուսահատված է նման ընտրանքի հեռանկարից և չի դիտարկում ընտրությունները՝ որպես ճգնաժամի հանգուցալուծման միջոց։

Նման իրավիճակում, Հայ Ազգային Կոնգրեսը, առաջնորդվելով պետության և ժողովրդի ճակատագրի համար իր պատասխանատվությամբ և անսալով հասարակության բազմազան հատվածներից եկող ազդակներին, որոշում է մասնակցել Ազգային ժողովի՝ հունիսի 20-ին նշանակված արտահերթ ընտրություններին։

Մենք վստահ ենք, որ Հայաստանում հնարավոր է ձևավորել կարող և արդար իշխանություն։ Հայաստանում պետք է նորից հաղթեն իրատեսությունը, ողջախոհությունը, քաղաքական ռացիոնալ միտքը, ժողովրդի հետ ազնիվ լինելու և նրան ճշմարտությունը ներկայացնելու համարձակությունը։ Միայն այդ դեպքում է հնարավոր իրագործել ժողովրդի իղձերը և բռնել առաջընթացի ուղին։

Հայ Ազգային Կոնգրեսի վարչություն