«Հայաստանի կառավարության հետ Եվրամիությունը կնքել է «շրջանակային» համաձայնագիր»
Եվրամիությունը կշարունակի բազմաբնույթ ծրագրեր իրականացնել Հայաստանում. մշակված ծրագրերը հիմնականում իրականացվում են Հայաստանի 3 հյուսիսային մարզերում` Շիրակ, Լոռի և Տավուշ: Դրանք բազմաբնույթ են և ներառում են տուրիզմի, տեղեկատվության, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներ: ԵՄ-ն Հայաստանի կառավարությանը կաջակցի նաև հակակոռուպցիոն ծրագրեր իրականացնելու հարցում,Գյումրիում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ճամանակ նշել է Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«Հայաստանի կառավարության հետ Եվրամիությունը կնքել է այսպես կոչված «շրջանակային» համաձայնագիր: Այդ համաձայնագրով նախատեսված են հիմնական ուղղությունները, որոնցով Եվրամիությունը պետք է Հայաստանին աջակցություն տրամադրի, և որոշ ժամանակ անց կհատկորոշենք կոնկրետ այն ծրագրերը, որոնք Հայաստանի կառավարություն հետ համատեղ իրականացնում ենք Հայաստանի 3 հյուսիսային մարզերում: Հուսով եմ որ լավ գաղափարներ, լավ ծրագրեր կներակայացվեն»,-նշեց դեսպանը՝ կարևորելով հենց այդ մարզերի բնակչության կողմից ներկայացվող ստեղծարար ծրագրերը:
«Եվրամիության կողմից տրամադրվող գումարի մեծ մասը ուղղվելու է բիզնես գաղափարների ֆինանսավորմանը՝ մասնավորապես, փոքր բիզնես ձեռնարկությունների ծրագրերի իրականացմանը: «Հետևաբար, ակնկալում ենք, որ բոլոր ներգրավված կողմերը կներկայացնեն լավ գաղափարներ. խոսքը միայն զբոսաշրջության ու գյուղատնտեսության ոլորտների մասին չէ, մենք նախաձեռնել ենք նաև ֆինանսավորում այնպիսի ոլորտների համար, ինչպիսիք են ստեղծարար արդյունաբերությունը, մշակույթը: Միաժամանակ կշարունակենք իրականացնել նաև այն ծրագրերը, որոնք սկսել ենք. օրինակ՝ դահուկային և բրդի վերամշակման կենտրոնների ծրագրերը:
Եվրամիությունը կշարունակի նաև աջակցել Հայաստանին հակակոռուպցիոն ծրագրեր իրականացնելու գործում: «Այդ ուղղությամբ աջակցություն տրամադրելու ենք՝ հաշվի առնելով, որ Հայաստանի կառավարությունը արդեն հաստատել է իր գործողությունների ծրագիրը, և այնտեղ կան համատեղ քայլեր, որոնցից մեկը վերաբերում է Հայաստանում հակակոռուպցիոն մարմնի ստեղծմանը: Մենք հավատացած ենք, որ նոր Հայաստանում կա կոռուպցիայի դեմ պայքարելու ամուր քաղաքական կամք: Բայց այդ նախաձեռնությունն, անշուշտ, պահանաջում է հանրության կողմից աջակցություն և՛ ինստիտուցիոնալ, և՛ օրենսդրական կառույցների առկայություն»,- ընդգծեց Սվիտալսկին: