Հայաստանն Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան (մանրամասներ)
Հայաստանի Հանրապետությունը գանգատ է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան (Հաագայի դատարան) ընդդեմ Ադրբեջանի՝ Խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով:
Միաժամանակ Հայաստանը խնդրել է դատարանին կիրառել մի շարք հրատապ միջոցներ՝ այդ թվում ռազմավարի պուրակի փակումը և ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձը:Այս մասին տեղեկացնում է ՄԱԿ-ի միջազգային դատարանի կայքը։
Հայցում նշվում է, որ Հայաստանն Ադրբեջանի դեմ դատական գործընթաց է սկսում համաձայն «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի»:
Հայկական կողմի ներկայացրած հայցադիմումում նշվում է, որ Ադրբեջանը տասնամյակներ շարունակ Հայաստանին ենթարկել է ռասսայական խտրականության։
«Հակահայկական ատելությունը պետական պաշտոնական քաղաքականություն է, որը դասավանդվում է դպրոցներում և պարբերաբար դրսևորվում իշխանության ամենաբարձր մակարդակներում, մասավորապես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմքով։ Ադրբեջանի կողմից հովանավորվող հայատյացության այս քաղաքականության արդյունքում հայերը ենթարկվել են համակարգային խտրականության, զանգվածային սպանությունների, խոշտանգումների: Հարյուր հազարավոր հայեր փախել են Ադրբեջանից, իսկ նրանք, ովքեր մնում են այդ երկրում, պետք է թաքցնեն իրենց էթնիկ ինքնությունը: Նախապաշարմունքը հայերի դեմ այնքան արմատացած է, որ որևէ մեկին հայ բնութագրելը Ադրբեջանում համարվում է վիրավորանք», - ասված է հայկական կողմի հայցի մեջ։
Նշվում է նաև, որ Ադրբեջանի ներկայիս տիրապետության տարածքներում հայկական մշակութային ժառանգությունը համակարգված ոչնչացվել է, ջնջվել և կեղծվել:
Հատկապես առանձնացվում են արցախյան 44-օրյա պատերազմի օրերին և դրան հաջորդած շրջանի իրավախախտումները։
Մեջբերվում են ադրբեջանցի պաշտոնյաների` «հայերին շների պես քշելու», «Լեռնային Ղարաբաղը քիմմաքրման ենթարկելու» և այլ նմանատիպ արտահայտություններ։
«Նույնիսկ ռազմական գործողությունների ավարտից հետո Ադրբեջանը շարունակել է իր գործելաոճը հայ ռազմագերիների, պատանդների սպանության, խոշտանգումների և այլ բռնությունների տեսքով: Ադրբեջանը շարունակում է համակարգված ոչնչացնել, ջնջել և կեղծել հայկական ժառանգությունը տարածաշրջանում", - ասվում է հայցում, որում բերվում են կոնկրետ օրինակներ Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ։
Նշվում է նաև, որ Ադրբեջանը չի կատարում ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարության իր պարտավարությունները։
Հայաստանը պահանջում է դատարանից վճիռ կայացնել և հայտարարել, որ Ադրբեջանը խախտել է "Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի" թվով 6 հոդված։ Հայցով Հայաստանը պահանջում է դատարանին պարտավորեցնել Ադրբեջանին որոշ գործողություններ կատարել, մասնավորապես․
- ձեռնպահ մնալ ազգամիջյան զտումների պրակտիկայից
- ձեռնպահ մնալ հայերի նկատմամբ ռասիզմի ակտերի փառաբանումից
- զերծ մնալ հայերի դեմ ատելության խոսք արտահայտելուց, ներառյալ կրթական նյութերում
- ձեռնպահ մնալ հայոց լեզվի, հայկական մշակույթի դեմ ճնշումներից, չոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունը կամ այլ ձևերով չվերացնել հայերի պատմական գոյությունը տարածաշրջանում
- պատժել հայերի դեմ ռասսայական խտրականության բոլոր գործողությունները, մասնավորապես՝ պետական պաշտոնյաներինը
- ապահովել հայ ռազմագերիների, պատանդների և այլ ձերբակալվածների իրավունքները, հայերի համար հավասար վերաբերմունք ապահովել
- ձեռնպահ մնալ Հայաստանի և հայերի հետ Ադրբեջանին հաշտեցնելու փորձեր կատարող ՀԿ-ներին խոչընդոտելուց և մարդկանց ձերբակալելուց
- արդյունավետ միջոցներ ձեռնարկել՝ պայքարելու հայերի նկատմամբ նախապաշարմունքների դեմ։
Հայաստանը պահանջում է նաև, որ դատարանը Ադրբեջանին պարտավորեցնի ապահովել տեղահանված հայերի արժանապատիվ վերադարձը իրենց տներ, ինչպես նաև, որ Բաքուն վերականգնի հայկական մշակութային օբյեկտները, իսկ եթե դա հնարավոր չէ՝ փոխհատուցի վնասները։
Հայաստանի շահերը այս դատական գործով ՄԱԿ-ի միջազգային դատարանում կներկայացնի ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, փոխանցում է armeniasputnik-ը: