Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակել են ձերբակալվածներին
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է.
«Հայաստանը հենց սկզբից հայտարարել էր, որ ս.թ. մարտի 16-ին ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած Էլվին Արիֆ Օղլու Իբրահիմովին Ադրբեջան ՀՀ-ն վերադարձնում է առանց որևէ նախապայմանի՝ հիմնվելով հումանիտար նկատառումների վրա: Այս գործընթացն իրականացվել է ԿԽՄԿ-ի և մասնավորապես` Հայաստանում կազմակերպության առաքելության հետ սերտ համագործակցության միջոցով: Իբրաhիմովը չէր գործել ծանր հանցանք, ուստի նրա հանդեպ կիրառելի է հումանիտար սկզբունքի հիման վրա անհատական մոտեցումը:
Մենք ի գիտություն ենք ընդունել նաև Ադրբեջանի որոշումը ազատ արձակելու 2017թ.-ի հունիսի 20-ին անհայտ պայմաններում Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանին և ԿԽՄԿ հետ մեկտեղ կազմակերպել ենք նրա հայրենադարձությունը:
Ադրբեջանի տարածքում պահվող ՀՀ քաղաքացիների հարցը մշտապես եղել է ԱԳՆ ուշադրության կենտրոնում և բազմիցս բարձրացվել է տարբեր ձևաչափերում և հանդիպումներում, ներառյալ՝ վերջերս ժնևում:
Ուրախ ենք մեր քաղաքացու՝ ազատ արձակման և Հայրենիք վերադարձի կապակցությամբ»: